Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿ FIDH-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ապրիլ 02,2010 00:00

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) Երեւանում անցկացվելիք 37-րդ համաժողովի նախօրեին կազմակերպության նախագահ Սուեր Բելհասենին նամակով դիմել են «Հայաստանի քաղբանտարկյալների կանայք-Շահխաթուն» կազմակերպության, Հելսինկյան ասոցիացիայի, Իրավաբաններն ընդդեմ խոշտանգումների, «Սոցիոսկոպ» հ/կ-ի ղեկավարները, նաեւ Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը, իրավաբան Արայիկ Ղազարյանն ու գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: Վերջիններս տարակուսանք են հայտնել FIDH-ի երեւանյան համաժողովի բացման պատիվը «կասկածելի լեգիտիմությամբ» ՀՀ-ն ղեկավարող Սերժ Սարգսյանին վերապահելու, նաեւ միջոցառմանը ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի մասնակցության առնչությամբ: «Այս մարդիկ եթե պետք է ներկա լինեն FIDH-ի նման հեղինակավոր կազմակերպության կոնֆերանսին, ապա միայն պատասխանողի դերում։ Նրանք պետք է պատասխան տան, թե ինչո՞ւ են կեղծում ընտրությունները, թե ինչո՞ւ են հետապնդում քաղաքական գործիչներին եւ քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց, նրանք պիտի բացատրություն տան, թե ինչո՞ւ տասը զոհի գնով եկան իշխանության, նրանք պիտի արդարանան, թե ինչո՞ւ մինչ օրս բացահայտված չեն այդ տասը մարդուն սպանողները եւ վերջապես, թե առ այսօր ինչո՞ւ են բանտերում պահվում եւս 14 քաղաքական բանտարկյալներ։ Այս դեպքում հասարակությունը գուցե հասկանար FIDH-ի կոնֆերանսում Ս. Սարգսյանի եւ նախարար Գ. Դանիելյանի ներկայության անհրաժեշտությունը»,- գրել են նամակի հեղինակները՝ շեշտելով, թե հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ «FIDH-ի կոնֆերանսը նպատակ ունի լեգիտիմացնել ՀՀ այն ղեկավարներին, որոնք մարդու իրավունքների ոտնահարման մրցավազքում չեն զիջում Բիրմայի, Եմենի, Աֆղանստանի, Ուզբեկստանի, Չինաստանի, Ռուանդայի, Կոլումբիայի, Կամբոջայի, Քենիայի, Չեչնիայի իրենց գործընկերներին»։ Նամակում նաեւ հույս է հայտնվել, որ FIDH-ը փոփոխություններ կմտցնի կոնֆերանսի օրակարգում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել