ՀՅԴ-ն նրան կուսակցական 6 ամսվա պատժի է արժանացրել քննադատական տեսակետի համար:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Ազդակ» ակումբում կայացած ասուլիսում հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ իր անձնական կարծիքն արտահայտելու համար կուսակցությունն իրեն նկատողություն է տվել. «Հրապարակում նստած՝ իմ կուսակցությունը ստորագրահավաք էր անում, որ ո՛չ ենք ասում հայ-թուրքական արձանագրություններին, իսկ ես ասացի՝ ճշմարտությունը մեջտեղում է»: Ավելի ստույգ՝ հիշեցնենք, որ «Առավոտում» 2009 թվականի դեկտեմբերի 25-ին հրապարակված հարցազրույցում, երբ ՀՅԴ նստացույցը վաղուց դադարել էր՝ Ալվարդ Պետրոսյանն ասել էր. «Ես բավարարված չեմ ո՛չ «այո»-ով, ո՛չ «ոչ»-ով (խոսքն իսկապես անկեղծ «ոչ» եւ «այո» ասողների մասին է՝ ոչ քաղաքական պատեհապաշտների): Ես գտնում եմ, որ ճշմարտությունը մեջտեղում է»:
Ալվարդ Պետրոսյանն այս հարցազրույցի համար արժանացել է կուսակցական պատժի, որի ժամկետը լրանալու է մայիսին: «Ես կարգապահական խախտում եմ արել, որովհետեւ որոշում էր կայացվել՝ կատեգորիկ ո՛չ։ Ես պե՛տք է հետեւեի դրան։ Ես այդ ժամանակ մոռացա, որ Դաշնակցության անդամ եմ։ Ավելի շատ առաջին պլան մղվեց գրողական իմ մտքի հավակնությունը, եւ իմ սեփական կարծիքն ունեցա»,- երեկ պատմել է նա՝ նշելով, որ նկատողություն ստանալուց հետո իր առաջին զգացողությունը նեղանալն է եղել, սակայն հետո հասկացել է, որ Հայաստանում վերջապես մի կազմակերպություն կա, որ 120 տարի առաջվա իր կազմակերպական խստաշունչ դիմագիծը պահպանել է՝ անկախ նրանից՝ նկատողություն ստացողը շարքային կուսակցակա՞ն է, թե՞ հիմնադիր ընկերներից մեկը։
Ըստ «7 օր» կայքէջի՝ Ալվարդ Պետրոսյանը նաեւ ասել է, թե պետք չէ արտառոց որեւէ բան փնտրել եւ աղմուկ բարձրացնել այն փաստի կապակցությամբ, որ պետական քաղաքական գործիչ Ռոբերտ Քոչարյանն այս կամ այն հարցի վերաբերյալ կարծիք է արտահայտում, քանի որ նա դրա իրավունքը նույնքան ունի, որքան, օրինակ, ՀՀՇ-ի ինչ-որ մի կարկառուն ներկայացուցիչ. «Այդ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանն իրավունք ունի վերադառնալ քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանն իրավունք չունի կարծիք հայտնել»: Նաեւ հավելել է. «Ուրեմն, կարելի է վերլուծել նրա այս 2-րդ «բեմելը» եւ չի կարելի դա որպես աշխարհի վերջ գնահատել։ Մարդ, որը 10 տարի երկրի ղեկավարն էր, դրանից առաջ էլ Ղարաբաղում էր որպես առաջին դեմք իր գործունեությունը ծավալել՝ իրավունք ունի նաեւ կարծիքներ հայտնելու։ Շատ հետաքրքիր է. նավթալինոտ քաղաքական գործիչներ կան, որ իրենք էլ են զարմացած, որ դեռ քաղաքականության մեջ են, կենդանի են, մեծ-մեծ ինչ ասեք՝ խոսում են, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ հանրապետության 2-րդ նախագահը, որն արցախյան, այսինքն՝ ըստ էության, հայ-թուրքական խնդիրների ակունքներում է կանգնած՝ իրավունք չունի՞ իր կարծիքը հայտնել երկրի տնտեսության կամ քաղաքական հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ անընդհատ գոռալով, որ քաղաքակիրթ երկիր ենք, որ մեր հայացքն ուղղված է դեպի Եվրոպա, պետք է կարողանանք պահպանել նաեւ հենց շատ կարեւոր տարրերն այդ քաղաքակրթության ու չմտածենք, որ «Թագավորը մեռավ, կեցցե՜ թագավորը» կարգախոսով պետք է առաջնորդվենք»:
Ալվարդ Պետրոսյանը նաեւ նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը երիտասարդ մարդ է ու կարող է 2 տարի հետո նորից մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացնել. «Այդ ինչո՞ւ առաջին նախագահն իրավունք ունի երկիրդ տակն ու վրա անելու… մարտի 1-ը միայն մի կողմից չէր։ Ի՞նչ էր կատարվում։ Մոռացե՞լ եք»: Նաեւ հայտարարել է. «Ես իմ ուժերի ներածին չափով պայքարել եմ ու կպայքարեմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չվերադառնա։ Մինչեւ հիմա դեռ ծանր հիշողություններ կան իր նախագահության տարիներից. մանավանդ որպես ՀՅԴ ներկայացուցիչ եմ սա ասում, թեեւ նույնքան իրավունք ունի Արագածի փեշերին նստած գեղջուկը, որովհետեւ նրանց օրոք երկիրն ուղղակի իսկապես կոլապսի մեջ էր ընկած»: