Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐՈՒ ԵԿՄ-ՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐ ՉԿԱ՞Ն

Ապրիլ 02,2010 00:00

\"\"Կոնգրեսականները հեռանում են, դաշնակցականները՝ զանգվածաբար անդամագրվում

Վերջերս Գյումրիում խոսակցություններ են պտտվում, թե ԵԿՄ Շիրակի տարածքային վարչությունում տեղի ունեցած «իշխանափոխությունից» հետո երկրապահների շարքերից հեռացրել են ընդդիմադիր հայացքներ ունեցող, հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ազատամարտիկներին: Շոշափվում են ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախկին նախագահ, վարչության նախկին անդամ Աշոտ Զաքարյանի թիմակիցների անունները: Հիշեցնենք, որ ԵԿՄ-ի ղեկավար կազմը փոխվել էր այն ժամանակ, երբ Աշոտ Զաքարյանը որպես քաղբանտարկյալ գտնվում էր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում: Ըստ շրջանառվող լուրերի, ԵԿՄ շարքեր են հրավիրել դաշնակցականներին, երիտասարդ հանրապետականներին, նույնիսկ լուրեր կան, որ առանձնահատուկ ջերմացել են Գյումրու հանրապետական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի հարաբերությունները: «Առավոտի» լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԵԿՄ վարչության վերջին համագումարին հատուկ հրավերք է ուղարկվել Գյումրու քաղաքապետին, ով էլ առիթը բաց չի թողել Մանվել Գրիգորյանի հետ իր լարված հարաբերությունները շտկելու: Հիշեցնենք, որ վերջիններիս թշնամական հարաբերությունները մի քանի տարի շարունակ մամուլի ուշադրության կենտրոնում էին. գրվում էր, թե գեներալը քաղաքապետին չի հանդուրժում նրա որդու վարքագծի պատճառով: Այս խոսակցությունները ճշտելու նպատակով այցելեցինք ինչպես ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի գրասենյակներ, այնպես էլ ԵԿՄ Գյումրու կառույց: ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արտակ Ավետիսյանը հաստատեց, որ մի ամիս առաջ դաշնակցականներից մոտ 12 հոգի անդամագրվել են ԵԿՄ-ին: Իսկ թե ո՞վ է նրանց հրավերք ուղարկել ու ինչո՞ւ են հատկապես հիմա որոշել երկրապահ դառնալ, Արտակ Ավետիսյանը այսպես մեկնաբանեց. «Ոչ մի հրավերք չի եղել, ես որպես անհատ՝ 1993թ.-ին նույնիսկ մասնակցել եմ ԵԿՄ առաջին համագումարին, հետագայում քաղաքական զարգացումները ազատամարտերի մասնակիցներին տարան տարբեր ուղղություններով: Ես չէի ասի, թե մենք մասսայական ենք ընդգրկվել ԵԿՄ շարքերում, էն դաշնակցական տղաները, որոնք ազատամարտին մասնակցություն են ունեցել, իրենց կամքով, կոպիտ ասած, մեկը մյուսից իմանալով, որ մեկը գնաց, իրենք էլ գնացին: Եվ երեւի թե անդամակցելու առաջին պատճառն էն էր, որ նախորդիվ մենք երկրապահ հասարակական կազմակերպության մաս չէինք կազմում, որովհետեւ կոնկրետ մեր մարզում երկրապահի ղեկավարությունը խիստ քաղաքականացված էր: Եվ էն առաքելությունը, որ երկրապահն ստանձնել էր՝ չզբաղվել քաղաքականությամբ, լինել կենտրոնամետ ուժ ի շահ երկրի, երեւի թե էդ մարդկանց գործունեության մեջ ամենավերջին տեղում էր: Բնականաբար, մենք էլ, ունենալով մեր քաղաքական հայացքները, չէինք կարող նրանց հետ համագործակցել, հատկապես Աշոտ Զաքարյանի, ով ՀԱԿ համակարգող է ու նաեւ ԵԿՄ մարզային վարչության նախագահ էր: Նրա քաղաքական հայացքները մենք չէինք կիսում, իսկ հիմա, ինչքանով որ ես գիտեմ, նա դիմում է գրել եւ ԵԿՄ շարքերից դուրս եկել, թեեւ ասեմ, որ սա ասեկոսեների ժանրից է, պաշտոնապես չգիտեմ»:

Մենք ՀԱԿ–ի Գյումրու համակարգող Աշոտ Զաքարյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ «անհնազանդ» պահվածքի համար իրեն ու իր թիմակիցներին հեռացրել են ԵԿՄ շարքերից: ԵԿՄ վարչության Շիրակի մարզային նախկին նախագահը թեեւ որոշել էր այլեւս այդ թեմայով չխոսել, սակայն վստահեցրեց, որ ոչ ինքը, ոչ էլ ՀԱԿ-ին անդամագրված որեւէ այլ երկրապահ ԵԿՄ-ի շարքերը չի լքել: «Երկրապահը Վազգենի թողած ժառանգությունն է, եւ այն որեւէ մեկի սեփականությունը չէ, որ որոշեն, թե այս կամ այն երկրապահի հետ ինչ կերպ վարվել: Մենք բոլորս «Երկրապահում» ենք՝ բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Թե հիմա երկրապահ կառույցում տարբեր կուսակցականացված ազատամարտիկներ են մուտք գործել, կամ ազատամարտիկներ են, թե՝ ոչ, ես ինքս տեղեկություններ չունեմ, եւ անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում էդ մասին խոսել»,- կարճ կապեց Աշոտ Զաքարյանը:

Իսկ ԵԿՄ Գյումրու բաժանմունքի փոխնախագահ Հունան Գուրիշյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Մենք ոչ ոքի շարքերից չենք հեռացրել, իրավունք էլ չունենք գնահատական տալ նրանց արած գործին, անկախ նրանից՝ նրանք ինչ կուսակցության մեջ են գտնվում: Էդ հարցերը լուծում են մեր նախագահը՝ զորավար Մանվել Գրիգորյանը, եւ վարչության անդամները: Իսկ գեներալը իրենից ոչ մեկին չի հեռացնում: Եթե նրանք որոշել են գնալ մեզանից, խնդրեմ, բայց ո՞նց կարող ենք նրանց մեր օջախից վռնդել, ո՞նց կարող է հայրը իր էրեխուն վռնդել իր տնից: Եթե մեզանից նեղացել են, ոչինչ՝ կհանգստանան, կգան հետ: Նրանք մեր մարտական ընկերներն են, արյուն են թափել, ոնց կարող են մեր թշնամին լինել»: Իսկ որքանո՞վ են ճիշտ այն խոսակցությունները, որ ԵԿՄ-ին սկսել են անդամագրվել իշխանական թեւը ներկայացնող կուսակցականները, ընդհուպ մինչեւ երկրապահ է դարձել Գյումրու քաղաքապետը: «Ի՞նչ վատ է, որ հայ տղերքի ուժը համալրվում է բոլոր կուսակցության ներկայացուցիչներով, հերիք է կռվենք իրար մեջ, դեռ պատերազմը չի վերջացել, ո՞վ է ասել, որ վերջացել է: Գյումրու քաղաքապետն էլ երկրապահի անդամ չի դարձել, նա մեծ ներդրում ունի մեր բոլոր զոհված ազատամարտիկների ընտանիքների օգնության գործում, նա երկրապահի մեծ ընկերն է, հարգում է տղաներին: Նա երկրապահին օգնում էր այն ժամանակ, երբ դեռ քաղաքապետ չէր: Զարմանում եմ, թե ինչպե՞ս կարող էին քաղաքապետն ու Մանվել Գրիգորյանը լինել թշնամիներ, երբ մեկը մյուսին չեն ճանաչել, իսկ հիմա մարդիկ ծանոթացել են ու լավ ընկերներ են: Երկու ուժեղ մարդիկ միացրել են իրենց ուժերը, եւ կառուցում ենք մեր երկիրը, ի՞նչ վատ բան կա դրա մեջ»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել