Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Ապրիլ 02,2010 00:00

Հայ եւ թուրք մտավորականների ներկայացուցիչները ապրիլի 24-ին կհանդիպեն Թուրքիայի մայրաքաղաքում՝ 1915 թվականի իրադարձությունները քննարկելու եւ երկու երկրների միջեւ երկխոսությունը ծավալելու նպատակով։ Այդ մասին երեկ տեղեկացրել է «Ազատություն» ռ/կ-ն:

Ապրիլի 24-ից մեկնարկող երկօրյա հանդիպման կազմակերպիչը «Անկարայի մտքի ազատության» նախաձեռնությունն է։ Միջոցառման մասնակիցների թվում են գրող, լեզվաբան Սեւան Նշանյանը, ԱՄՆ-ում հրապարակվող «Armenian Weekly» շաբաթաթերթի խմբագիր, լրագրող Խաչիկ Մուրադյանը, գրող, իրավապաշտպան Սայիթ Չեթինը, քաղաքագետ Բասկին Օրանը եւ ուրիշներ։

«Մենք հավատում ենք, որ երկու ազգերի միջեւ առկա խնդիրը կարող է լուծվել միայն երկխոսության ճանապարհով»,- թուրքական «Hurriyet»-ին ասել է Չեթինը, ով միջոցառման կազմակերպիչներից մեկն է։ «Այս հարցերը, որոնք առաջին հերթին վերաբերում են մեզ, քննարկվում են այլ տերությունների մայրաքաղաքներում, որովհետեւ մենք ինքներս չենք կարողանում քննարկել դրանք։ Արեւմուտքի անկեղծությունը այս հարցում կասկածելի է, իսկ Թուրքիան ժխտողական քաղաքականություն է որդեգրել»,- հավելել է Չեթինը՝ պարզաբանելով հանդիպման նպատակները։

Հանդիպմանը քննարկման առարկա են դառնալու «1915 թվականի կոտորածներին հանգեցրած իրադարձությունները», «Հայկական հարցը՝ պատմական տեսանկյունից» թեմաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել