Բազմաթիվ առիթներ ենք ունենում՝ համոզվելու, որ առնվազն մեր գործիչների մասով չէր սխալվում Ռոբերտ Քոչարյանը, երբ ասում էր, թե անցել են կարդալու ժամանակները: Նրանք կարող են կարծիք հայտնել մեծածավալ զեկույցների մասին՝ առանց գոնե թերթելու դրանք: Ենթադրելի էր, որ գոնե արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պիտի որ կարդացած լիներ դատավարությունների դիտարկման վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը: Սակայն այլ եզրակացության տեղիք է տալիս «Առավոտին» նրա արած հետեւյալ պնդումը՝ «Զեկույցում կոնկրետ ոչինչ չի ասված, թե ինչպիսի քննչական անկախ մարմին նկատի ունեն»: Մինչդեռ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի անգամ ամփոփման մեջ է հստակ նշված. «Զեկույցի եզրահանգումներից բխում է լուրջ եւ արդյունավետ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Դրանք, նախ եւ առաջ, պետք է ուղղված լինեն ոստիկանների եւ քննիչների կողմից լիազորությունների չարաշահումների վերացմանը, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն կասկածյալների ու վկաների նկատմամբ դաժան, անմարդկային եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսեւորելու յուրաքանչյուր դեպքի համար: Լրջորեն պետք է քննարկվի նմանատիպ միջադեպերի առնչությամբ անկախ քննություն իրականացնող հատուկ քննչական անկախ մարմին ստեղծելու հարցը»: Իսկ գուցե նախարարը հաշվի էր առել, որ 125 էջ կազմող այս զեկույցի տեքստին իրոք քչերն են բավարար չափով իրազեկված, ուստի կարելի էր եւ անել նման ոչ ստույգ պնդո՞ւմ:
Ի դեպ, վարչապետին այս զեկույցի վերաբերյալ ուղղված հաղորդման մեջ Գեւորգ Դանիելյանը նշել է. «Համոզված ենք, որ դատական կարգադրիչների գործողությունները որեւէ կերպ չեն կարող քննադատության առարկա լինել»: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է այս պնդումը համադրվում զեկույցում նշված նման փաստերի հետ. «Կարգադրիչները դիտորդներին ու հասարակության ներկայացուցիչներին չեն թույլատրել ներկա գտնվել 2008թ. մայիսի 21-ին Քրեական վերաքննիչ դատարանում նշանակված վերաքննիչ բողոքի քննությանը՝ պատճառաբանելով, որ նիստը հետաձգվել է: Այնուամենայնիվ, երբ դիտորդներին հաջողվել է մուտք գործել դատարանի շենք, նրանք պարզել են, որ դատական նիստն ընթացել է ըստ ժամանակացույցի», կամ՝ «Մի դեպքում, դատական նիստի ավարտից անմիջապես հետո կարգադրիչները ԺՀՄԻԳ-ի դիտորդին դուրս են հրել լեփ-լեցուն նիստերի դահլիճից՝ առանց սեփական իրերը հավաքելու համար ժամանակ տրամադրելու»: