Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ԴՈՒՌԸ

Ապրիլ 02,2010 00:00

\"\"Այնինչ, պարզվում է, որ ատելությունը մարդկանց, երբեմն նաեւ ժողովուրդներին, ճակատագրաբար ավելի է միավորում իրար, քան՝ սերը: Դառը եզրակացություն է անշուշտ, թեեւ մենք բոլորս միաժամանակ հնարավորություն ունենք տեսնելու ե՛ւ աստղալից երկինքը, ե՛ւ կրակը, ե՛ւ հոսող ջուրը՝ ապրելով նույն հողի վրա: Բայց պարզվում է, որ ժամանակների մեջ կապված ենք մնում իրար ատելության ծանր շղթաներով, քանի որ մահկանացուներից շատերին չի տրված, այդ թվում՝ մահկանացու ցեղերին, հասու լինելու բարձրագույն երանությանը, ուր մեղավորն ընդունելով իր մեղքը հրապարակավ՝ կարող է մաքրել իրեն հանցանքի անցյալից…

Եվ հիմա որոնելով կայացածի եւ չկայացածի խորհուրդը՝ ամենօրյա մամուլահալած իմ միտքը հստակ տեսնում է, որ մեր ցեղի ցավը տիեզերական է, քանի որ սեւ եղունգներով մի ձեռք կամ պոկել, կամ փակել է Սիրիուս մեր հայրենական աստղի լույսը: Սակայն կային երանելի ժամանակներ, երբ Չինաստանից դեպի Եվրոպա ձգվում էին մետաքսի երեք արձակ ճանապարհներ, որը սկսվել էր Ալեքսանդր Մեծի օրերից, այսինքն թե՝ հազար հինգ հարյուր տարի կենդանի երակ էր Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, քանի դեռ Բոսֆորի ափին չէին հայտնվել թուրք սելջուկները, ուր մինչ այդ տեր ու տնօրեն էր Կոստանդնուպոլիս շքեղ քաղաքը… Վերջերս Սոնա թոռնիկս ինձ հարցրեց՝ ինչո՞ւ կա սատանայի եղունգ, բայց չկա հրեշտակի եղունգ: Տարօրինակ էր, բայց ես պատասխան չգտա: Ու անմիջապես էլ հիշեցի մեծ պատմության հանելուկներից մեկը. թե ինչպես էր պատահել, որ աշխարհի մայրաքաղաքի՝ տարօրինակորեն հայերեն հնչող կերկապորտ դուռը պաշտպանները մոռացել ու բաց էին թողել, որտեղով էլ հայրասպան Մահմուդ Երկրորդի հրոսակները ներխուժեցին քրիստոնեության միջնաբերդ եւ շրջեցին քաղաքակրթության պատմությունը: Տագնապահար Եվրոպան կարոտելով Արեւելքի շքեղությանը՝ փնտրեց մետաքսի նոր ճանապարհներ եւ գտավ ծովով: Հիմա գրելով այս տողերը՝ ես մտածում եմ, որ թուրքերի բնույթը ճանապարհներ փակելն է, ինչպես որ մեր ճանապարհն է փակել: Մտածում եմ նաեւ, որ մենք մեր ճանապարհը անպայման կգտնենք, միայն թե՝ մենք մեր մեջ չմոռանանք այն դուռը, որ ներսից է բացվում…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել