Այս պատկերն է բացահայտել Մարքեթինգի հայկական ասոցիացիայի վերջին հետազոտությունը
Մարքեթինգի հայկական ասոցիացիան, որը ծրագրեր ու հետազոտություններ է իրականացնում Հայաստանում գործող դեսպանատների եւ միջազգային կազմակերպությունների համար, իսկ 2006 թվականից մասնակցում է «Եվրասիական մոնիտոր» միջերկրային հետազոտությունների իրականացմանը՝ «Առավոտին» է տրամադրել 2010 թ. հունվարի 26-ից փետրվարի 6-ը ամբողջ Հայաստանի տարածքում իրականացրած իր հետազոտության տվյալները՝ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Հարցվողներին տրված առաջին հարցն էր, թե որոնք են Հայաստանի Հանրապետության ամենաարդի եւ կարեւոր հիմնախնդիրները: Կարծիքները շատ տարբեր են եղել, բայց առավել զգալի մաս են կազմել հետեւյալ 3 խնդիրները՝ տնտեսական ճգնաժամը, հայ-թուրքական հարաբերությունները, գործազրկությունը (աշխատատեղերի պակասը) (28,9%, 22,1%, 21,8%):
Հայ-թուրքական հարաբերությունների հարցերին անդրադառնալիս նախ եւ առաջ պարզվել է, թե ՀՀ բնակչությունն առհասարակ ինչպես է վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների արդի զարգացումներին (այդ թվում՝ բանակցություններ, հանդիպումներ, այցեր): Հարցվողների 7,6%-ը պատասխանել է, որ լիովին դրական է վերաբերվում, 15,2%-ը՝ ընդհանրապես բացասական: Ավելի շուտ դրական վերաբերմունք է արտահայտել հարցվողների 23,2%-ը, իսկ ավելի շուտ բացասական՝ 14,4%-ը: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացումներին չեզոք՝ ոչ դրական, ոչ էլ բացասական է վերաբերվել հարցվողների 28%-ը:
Այնուհետեւ փորձ է արվել պարզել, թե ՀՀ բնակչությունն ինչպիսի վերաբերմունք ունի հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության նկատմամբ: Հարցվողների 25,2%-ը չեզոք է վերաբերվել այդ հարցին, 24,8%-ը՝ ավելի շուտ դրական, 13,9%-ն՝ ավելի շուտ բացասական: Ընդհանրապես բացասական է այս հարցին վերաբերվում հարցվողների 16,2%-ը, իսկ լիովին դրական՝ հարցվողների 8,6%-ը: Այն հարցին, թե արդյոք հայ-թուրքական սահմանը կբացվի՞ առաջիկա 1 տարվա ընթացքում, հարցվողների 46,7%-ը դժվարացել է պատասխանել: Հարցվողների 17,7%-ը կարծում է, որ հայ-թուրքական սահմանն ավելի շուտ կբացվի առաջիկա 1 տարվա ընթացքում, իսկ 20,4%-ը գտնում է, որ ավելի շուտ չի բացվի: Հաստատ չի բացվի՝ պնդել է հարցվողների 12,9%-ը: Իսկ 2,3%-ը համոզված է, որ հայ-թուրքական սահմանը կբացվի:
Հարց է տրվել նաեւ այն մասին, թե ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված կետերը հօգուտ Հայաստանի՞ են, թե՞ Թուրքիայի: Միայն Հայաստանի եւ միայն Թուրքիայի նշել են հարցվողների համապատասխանաբար՝ 4,9%-ը եւ 10%-ը: Արձանագրություններում ամրագրված կետերն օգուտ են ավելի շուտ Հայաստանի եւ ավելի շուտ Թուրքիայի՝ նշել են հարցվողների համապատասխանաբար՝ 8,8%-ը եւ 14,8%-ը: Արձանագրությունները ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ Թուրքիայի օգտին լինելը նշել է հարցվողների 8,3%-ը, իսկ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Թուքիայի օգտին լինելը նշել է հարցվողների 22,6%-ը:
Հարց է եղել նաեւ հայ-թուրքական սահմանի բացման անդրադարձի մասին Հայաստանի տնտեսության համար: Հարցվողների 30,3%-ը գտնում է, որ ավելի շուտ դրական հետեւանք կունենա, իսկ 14%-ը՝ թե ավելի շուտ բացասական հետեւանք կարձանագրվի: Հայաստանի տնտեսության համար լիովին դրական հետեւանքի հնարավորություն է տեսնում հարցվողների 10,9%-ը, իսկ ընդհանրապես բացասական՝ հարցվողների 8,5%-ը: Չեզոք, ոչ դրական եւ ոչ էլ բացասական պատասխան է տրվել 15,1%-ի կողմից:
Մեկնաբանելով արդյունքները՝ Մարքեթինգի հայկական ասոցիացիան նշում է, թե հասարակությունը հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ դեռեւս չունի հստակ ձեւավորված դիրքորոշում. «Հետազոտության ընթացքում զգալի տոկոս էին կազմում չեզոք պատասխանները, ինչպես նաեւ «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը: Այս պատկերն իրականում մի շարք այլ հանգամանքների հետեւանք է: Դրանց թվին կարելի է դասել երկիմաստ կամ խեղաթյուրված տեղեկատվության առկայությունը կամ առհասարակ տեղեկատվության պակասը արձանագրության կետերի վերաբերյալ: Այնուամենայնիվ, հստակ է այն համոզմունքը, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը շարունակում է մնալ հայ հասարակությանը ամենահուզող խնդիրներից մեկը»: