Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 12-ին կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած «Գլոբալ Միջուկային անվտանգության հարցերով» գագաթաժողովին:
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյոք այդ ընթացքում նախատեսվո՞ւմ են նաեւ հանդիպումներ ԱՄՆ նախագահի եւ Թուրքիայի պատվիրակության հետ, պատասխանել է՝ ասելով, որ համաժողովի շրջանակներում «կարող են լինել հանդիպումներ տարբեր մասնակիցների հետ»: Թեպետ մի քանի օր շարունակ թուրքական շրջանակներում խոսվում էր այն մասին, որ այս երկրի վարչապետը չի գնա ԱՄՆ, այնուամենայնիվ, երեկ արդեն պարզ դարձավ, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն կգնա Միացյալ Նահանգներ, այլեւ իր հետ ԱՄՆ կտանի այդ երկրում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Նամըք Թանին, ում, հիշեցնենք, ետ էին կանչել այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը ընդունեց Ցեղասպանության ճանաչման մասին հայտնի բանաձեւը: Հիշեցնենք, որ նույն պատճառով (Շվեդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումից հետո) Թուրքիայի կողմից ետ կանչված՝ Շվեդիայում Թուրքիայի դեսպանն արդեն իսկ վերադարձել է Ստոկհոլմ:
Երեկ արդեն թուրքական լրատվամիջոցները գրեցին այն մասին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 12-ին կմեկնի Միացյալ Նահանգներ եւ կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք միջուկային անվտանգության հարցերով համաժողովին: Ի տարբերություն հայկական պաշտոնական լրատվության, թուրքական լրատվամիջոցներն արդեն հայտարարում են, որ առանցքային է լինելու թուրք վարչապետի հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ՝ հաշվի առնելով, որ այն կայանալու է Սպիտակ տան ղեկավարի՝ ապրիլի 24-ի ուղերձի նախօրեին:
Հայաստանյան քաղաքական ուժերն ամերիկյան հանդիպումներից շատ մեծ ակնկալիքներ չունեն, սակայն իշխող կուսակցությունների ներկայացուցիչները, օրինակ, չափազանց կարեւոր են համարում եւ այցը, եւ հնարավոր հանդիպումները այդ այցի շրջանակներում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի այցը ԱՄՆ բավականին կարեւոր է եւ լուրջ խթան կարող է հանդիսանալ հայ-ամերիկյան կապերի ամրապնդման գործում: Մեր հարցին՝ ի՞նչ է ակնկալում այս այցից, պարոն Սաֆարյանը նաեւ ասաց. «Վստահաբար, ինքը՝ երեւույթը, շատ դրական է, այն, որ ԱՄՆ-ի նախագահը հրավիրել է Հայաստանի նախագահին մասնակցելու այդ համաժողովին, շատ կարեւոր է, բայց կարծում եմ՝ միջոցառումն այնքան էական չէ, քան այն երկկողմ հանդիպումները, որոնք, ենթադրում եմ, կկայանան: Այն երեւույթը, որ պիտի երկու նախագահները (նկատի ունեմ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներին) հանդիպեն, ես բարձր եմ գնահատում»: Մեր հարցին՝ հանդիպման ժամանակ կխոսվի՞ ղարաբաղյան հարցի մասին, պարոն Սաֆարյանը ժխտողական պատասխան տվեց, ասելով, որ ղարաբաղյան հարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Չեմ կարծում, որ այդ հանդիպման ընթացքում կքննարկվի Ղարաբաղի հարցը, դա Մինսկի խմբի շրջանակներում քննարկվող հարց է»: Իսկ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցերն, ըստ Արամ Սաֆարյանի, Օբամա-Սարգսյան հանդիպման ընթացքում, անշուշտ, կքննարկվեն. «Կարծում եմ՝ ԱՄՆ-ը կհորդորի մեր նախագահին, ինչպես նաեւ թուրքական կողմին` շարունակել հայ-թուրքական երկխոսությունը»:
ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւս այն կարծիքին է, որ ղարաբաղյան թեման այս այցի շրջանակներում չի շոշափվի: Ըստ պարոն Շարմազանովի, ինքնին այցը եւ ԱՄՆ նախագահի հրավերը բավականին խոսուն են, քանի որ առաջին անգամն է, որ Հայաստանի նախագահը մասնակցելու է նման համաժողովի. «Շատ կարեւոր այց է, որովհետեւ առաջին անգամ ՀՀ նախագահը կմասնակցի նման համաժողովի: Հայաստանը, լինելով փոքր երկիր, իր այս մասնակցությամբ կարող է իր ակտիվ մասնակցությունն ունենալ գլոբալ միջուկային հիմնախնդիրների լուծման հարցում: Եվ այս հրավերը եւս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանի նախագահը կառուցողական ակտիվ քաղաքականություն է իրականացնում, եւ ԱՄՆ-ի պես գերտերությունը դրական է գնահատում մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականությունը»: Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի, հանդիպման ընթացքում կխոսվի հայ-թուրքական հարաբերությունների մասին, սակայն ղարաբաղյան հարցը ԱՄՆ-ում չի քննարկվի, քանի որ նաեւ Միացյալ Նահանգների ղեկավարությունն է բազմիցս շեշտել, որ այս հարցը որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ. «Իսկ մեր դիրքորոշումը շատ հստակ է եւ անփոփոխ, մենք ասել ենք եւ այսօր էլ պնդում ենք, որ կողմ ենք առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման»: