Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԻՌԼԱՆԴԱՑԻ ԵՄ, ՈՉ ԹԵ ԲՐԻՏԱՆԱՑԻ»

Ապրիլ 01,2010 00:00

Վանաձորում հատուկ նշեց «Արյունոտ կիրակի» օսկարակիր ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանը

Օրերս Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի կինոսրահում Բրիտանական խորհրդի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Արձագանքներ. ֆիլմեր Հյուսիսային Իռլանդիայից» ֆիլմերի դիտում եւ քննարկում: Ցուցադրվեցին «Արյունոտ կիրակի» եւ «Երկնային հինգ րոպեներ» ֆիլմերը, որոնք պատմում էին Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի դարավոր հակամարտության՝ արդի շրջանի սրացումների մասին: Բացելով միջոցառումը եւ ողջունելով ներկաներին` ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլն ասաց. «Ես իսկապես ուրախ եմ, որ բրիտանական ֆիլմերի մի մասը բերվեց Վանաձոր»: Կոնֆլիկտաբան Էրիկ Գրիգորյանն էլ նշեց. «Երկու ֆիլմերն էլ շեշտում են մարդկային տառապանքների գինը՝ աշխարհում: Իռլանդիան դեռ մնում է շատ ծանր վիճակում, բայց կարեւոր է նշել, որ զգալի առաջընթաց է նկատվում, ինչը մասամբ նաեւ խնդրում հ/կ-ների ներգրավվածությունից է, թեեւ շատ բան է կախված նաեւ բնակչության խաղաղ ապրելու ցանկությունից»: «Արյունոտ կիրակի» ֆիլմի համապրոդյուսեր Դան Մալանը հատուկ շեշտեց իր իռլանդացի լինելը եւ ասաց, որ պետք չէ իրենց անգլիացի ներկայացնել, ինչպես արվում է շատ դեպքերում. «Ես 1972-ի այս սկանդալային դեպքերի ականատեսն եմ: Ֆիլմի ուժը բրիտանացիների եւ իռլանդացիների համատեղ աշխատանքի մեջ է»: Այժմ ինչ մեթոդներով են պայքարում հյուսիսի իռլանդացիները իրենց իրավունքների համար՝ դահլիճից հնչած հարցին համապրոդյուսերը պատասխանեց. «Մեր պատմության ընթացքում պայքարի բազմաթիվ ձախողված փորձեր ենք ունեցել, բայց եկեք չմոռանանք, որ մենք աշխարհում ամենամեծ գաղութատիրական տերություններից մեկի հարեւանն ենք»: Նա պատմեց, որ 1922-1968թթ. ծավալված պայքարի ժամանակ այնպես է ստացվել, որ իրենք օտար են զգացել սեփական երկրում, իսկ 1972թ. պայքարը պետությունը շահել է ցուցարարների դեմ բանակն օգտագործելով: Նրա խոսքով, այդ անօրինական գործողությունների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվություն չի կրել, ընդհակառակը՝ Անգլիայի թագուհին մեդալ է հանձնել պատասխանատուներից մեկին:
1994-ին Հյուսիսային Իռլանդիայի վարչապետ Բերդա Հերմի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի նախաձեռնությամբ ու ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի միջնորդությամբ մեկնարկեց հակամարտության կարգավորման գործընթացը: Ի տարբերություն իռլանդացիների ազատատենչ նկրտումների՝ շոտլանդացիներն այնքան էլ հակված չեն Մեծ Բրիտանիայից անկախանալուն: Դահլիճում ներկա մի շոտլանդացի՝ Ստյուարտ Մոյերն ասաց. «Ես շոտլանդացի եմ եւ իրապես դեմ եմ Մեծ Բրիտանիայից անկախանալուն: Մեր իրադրությունը էապես տարբերվում է Հյուսիսային Իռլանդիայից: Բացի դրանից, մենք ունենք նաեւ տնտեսական կախվածություն եւ շահեր Մեծ Բրիտանիայից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել