ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) մասնագետները սկսել են հետազոտել ւգանդայում հայտնաբերված 4 դեպք, որոնք կարող են լինել բնական ծաղիկ հիվանդություն: Այն վտանգավոր վիրուսային վարակ է, որը 1980 թ.-ից համարվում է ամբողջապես վերացած:
Ինչպես հայտնեց ԱՀԿ մասնագետ Գրեգորի Հարտլը, Ուգանդայի արեւելքում՝ Բուդուդայում, բնական ծաղկի բռնկման մասին հայտնի է դարձել տեղական ԶԼՄ-ների միջոցով: Այդ տեղեկատվության հավաստիությունը հարցականի տակ է, որի պատճառով մասնագետները սպասում են երկրի առողջապահության նախարարության պաշտոնական զեկույցին, միեւնույն ժամանակ սկսելով իրենց սեփական հետաքննությունը:
Հարտլի խոսքերով, ԱՀԿ-ն ծաղկով վարակումների ցանկացած դեպքի լուրջ է մոտենում եւ բոլոր միջոցները ձեռք է առնում այն հաստատելու կամ բացառելու համար: Նա նաեւ նշել է, որ կազմակերպությունը ստացել է մանրամասն տեղեկատվություն, սակայն ի վերջո դրանք սուտ են դուրս եկել, քանի որ, որպես կանոն, բնական ծաղկի տեղ են ընդունում ջրծաղիկը: Շնորհիվ համաշխարհային պատվաստման միջոցառումների, որը սկսել է ԱՀԿ-ն 1967 թ., բնական ծաղկով վարակման դեպքը վերջին անգամ գրանցվել է 1977 թ.՝ Սոմալիում: Մեկ տարի անց Բիրմինգհեմի լաբորատորիայում տեղի ունեցած հրդեհի արդյունքում վիրուսը անցել է մի քանի աշխատակիցների, որոնցից մեկը մահացել է: Այդ ժամանակվանից բնական ծաղկով վարակում չի գրանցվել: Սրա հիման վրա մասնագետները ցանկացած հաստատված դեպք որակում են որպես կանխամտածված գործողության արդյունք: Վիրուսի վերջին երկու օրինակները պահվում են ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հատուկ լաբորատորիաներում, սակայն չի բացառվում, որ դրան տիրապետում են նաեւ ահաբեկչական կազմակերպությունները՝ որպես զանգվածային ոչնչացման միջոց: