Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլի 1-ին ուրախ է լինելու

Ապրիլ 01,2010 00:00

Հումորի եւ երգիծանքի օրը բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված

Այսօր հումորի եւ երգիծանքի օրն է: Տոնը Հայաստանում արդեն 4-րդ տարին նշվում է պետականորեն: «Աշխարհի բոլոր ջրիկներ, միացեք», «Շնորհավոր ապրիլի 1- 2010» կարգախոսներով երեկվանից մեկնարկել են տոնական միջոցառումները: Արամ Խաչատրյանի արձանի մոտ էլ այդ առիթով կայացավ բացօթյա ասուլիս: Արտերկրից Երեւան են ժամանել «Կրիվոյե զերկալո» հեռուստաթատրոնի դերասան Կարեն Ավանեսյանը, «Սթենդ ափ կոմեդի» ժանրի դերասան Քեվ Վորկյանը: Ծաղրանկարիչներ Գեորգի Յարալյանը, Վլադիմիր Աբրոյանը, երգիծաքանդակների հեղինակ Գագիկ Ղազարյանը, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը, երգիծաբան Հրանտ Հորիզոնը, ռեժիսոր Հայկ Սեկոյանը եւ այլք պատմեցին, թե ինչ է նախատեսվում ապրիլի 1-ին:
Օրինակ՝ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում բացվելու են երգիծանկարների, երգիծաքանդակների ցուցահանդեսները, կլինի «Մանեկեն» ֆիլմի ապրիլմեկյան պրեմիերա, «Բոլոր երեխաներն էլ կարող են…» ինտերակտիվ ներկայացում կկայանա, Տիկնիկային թատրոնում էլ՝ աճպարարական շոու՝ «Միստր Մոգի» կատարմամբ եւ այլն: Օրվա երկրորդ կեսին Հյուսիսային պողոտայում բացվելու է ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես, իսկ երեկոյան տոնախմբությունը շարունակվելու է «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսով: «Մանեկեն» ֆիլմի սցենարիստ, դրամատուրգ Արմեն Վաթյանը «Առավոտին» ասաց. «Քանի որ հայկական կինոն ընդհանրապես կոմեդիա չի սիրում, փորձել ենք անել մի բան, որ մարդիկ գոնե չտխրեն»:
«Առավոտը» նախաձեռնության հեղինակ Սամվել Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ եղե՞լ են դեպքեր, երբ իր ստեղծած կերպարներից վիրավորվել են: Պարզվեց, նման դեպքեր պատահել են, բայց շատերը նախընտրել են չարտահայտվել այդ մասին. «Մենք շատ բանական ազգ ունենք, որակյալ արմատներ, պարզապես պետք է գտնել այդ արմատը եւ գնալ առաջ»:
Ապրիլի 1-ին լրանում է նաեւ հայ մեծ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակը: «Մեկից մեկ» երգիծական շքահանդեսի այս տարվա թագավոր նշանակված Արամայիս Սահակյանը հիշեց «Քաջ Նազար» ներկայացումը, երբ Խ. Աբրահամյանը երգել էր Մարտին Վարդազարյանի երաժշտությամբ ու իր տեքստով երգը. «Այդ տարիները բրեժնեւյան, խրուշչովյան տարիներ էին, բայց մենք կարողացանք անցկացնել երգ, որտեղ ասվում էր. «մարդի՛կ, աշխարհը թե սարսաղ չլինի, Նազարը թագավոր չի լինի»: Ա. Սահակյանը մաղթեց, որ այս տարի նազարությունը վերանա, իսկ դրա համար, ըստ գլխավոր ոզնու՝ ծիծաղ է պետք:
«Կրիվոյե զերկալո» հեռուստաթատրոնի դերասան Կարեն Ավանեսյանը ուրախ էր, որ, չնայած վերջին տարիների դժվարություններին, հայ ազգը կարողանում է առույգ լինել: «Հիմնական պատճառներից մեկը, որ ապրել ու միշտ ապրելու ենք, այն է, որ հայերն ունեն հումորի ուժեղ զգացում: Մենք ինքներս անեկդոտներ ենք հորինում, պատմում, եւ ամբողջ աշխարհը ծիծաղում է մեր պատմածի վրա, որովհետեւ միայն ուժեղ ազգն է ունակ ուրախանալ: Որտեղ ժպիտ ու ծիծաղ կա, այնտեղ ամեն ինչ լավ է լինելու»:
ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Հորիզոնը հորդորեց, որ մարդիկ միայն ապրիլի 1-ին չծիծաղեն. «Կարելի է այնպես անել, որ ամիսը գոնե 2-3 անգամ, ամեն միս ուտելիս ծիծաղենք»: 
«Միմ ստուդիո» թատերախմբի մնջախաղի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանն էլ զուգահեռ անցկացրեց Մյունհաուզենի հետ. «Ինքն այս օրվան շատ է հավատում, մենք բոլորս միացել ենք իրեն եւ ուզում ենք, որ ապրիլի 1-ին բոլորի դեմքին լինի ժպիտ»:
Լրագրողների մեկի հարցին, թե մարդիկ կլինեն, որ կասեն՝ «Մեր հալին, ձեր ծակ շալվարին», Սամվել Բաղդասարյանը կարճ պատասխանեց. «Մենք հավատում ենք ծիծաղին, մեր տոնին»:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հարցին էլ՝ թե ապրիլի 1-ին կառավարությունում հերթական նիստի օր է, ի՞նչ ակնկալենք կառավարությունից, Ս. Բաղդասարյանը պատասխանեց. «Վաղը մենք մեր կառավարության նիստում այդ մասին հանգամանալից կխոսենք: Ասեմ, վաղը ծիծաղաշարժ նիստ է լինելու»: Ի դեպ, նախաձեռնող խումբը նամակով դիմել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ երգիծանկարիչների համար թանգարան ստեղծելու խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել