Ապրիլի 6-11-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի սիրողական բռնցքամարտի միջազգային մրցաշար, որում առաջին անգամ խաղարկվելու են ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակները:
Մրցաշարը տեղ է գտել Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի տարեկան միջոցառումների ծրագրում եւ, ամենայն հավանականությամբ, կդառնա ավանդական:
Երեկվա դրությամբ կազմկոմիտեն մասնակցության հայտ էր ստացել Ռուսաստանից, Ուկրաինայից (երկուական թիմերի), Վրաստանից, Իրանից, Բուլղարիայից, Բելառուսից, Մոլդովայից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Գամբիայից: Հայաստանը Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկությունում հանդես կգա երեք թիմով: Կլինեն նաեւ անհատ մասնակիցներ: Սպասվում է, որ մրցաշարին կմասնակցեն հարյուրից ավելի բռնցքամարտիկներ, իսկ ժամանող պատվիրակությունների անդամների ընդհանուր թիվը կգերազանցի 150-ը:
ՀԱՕԿ-ի նախագահը սահմանել է պատկառելի մրցանակային գումար: 11 քաշային կարգերում հաղթողները կստանան $5-հազարական, երկրորդ տեղերը՝ $3-հազարական, երկու երրորդ տեղերը՝ $2-հազարական: Իսկ նրանց մարզիչները կպարգեւատրվեն հազարական դոլարով:
Երեկ «Առավոտը» հեռախոսով կապվեց բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի հետ՝ իմանալու, թե մեր բռնցքամարտիկներն այս օրերին ինչո՞վ են զբաղված, ի՞նչ ակնկալիքներ կան երեւանյան մրցաշարից եւ դրանից հետո հավաքականն ի՞նչ ծրագրեր ունի իրականացնելու:
«Ներկայումս մենք՝ մարզիչներս, մեր երեք թիմերի հետ Արարատի «Այգ» մարզահամալիրում ուսումնամարզական հավաք ենք անցկացնում,- ասաց նա:- Երեւան կվերադառնանք ապրիլի 5-ին եւ կմասնակցենք ՀԱՕԿ-ի նախագահի մրցանակների խաղարկությանը: Մարզումները նորմալ են ընթանում: Խոստումներ չեմ ուզում տալ, սակայն միանշանակ է, որ հայաստանցի յուրաքանչյուր բռնցքամարտիկ ներդնելու է այն ամենը, ինչ այդ պահին կունենա: Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին, ապրիլի 20-ից հավաք ենք պլանավորել Ծաղկաձորում: Այնուհետեւ, համատեղ ուսումնամարզական հավաքների կմեկնենք Բելառուս կամ Ուկրաինա, որից հետո կգնանք Մոսկվա, որտեղ հունիսի 4-13-ն անցկացվելու է Եվրոպայի առաջնությունը»: