Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԻՄԵՑԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ապրիլ 01,2010 00:00

«Առավոտը» ստացել է ՀՀ ճարտարապետների միության ընդհանուր ժողովի արձանագրությունը:
Մտահոգություններով  ելույթ ունեցան  ՀՃՄ անդամ ճարտարապետները: Ելույթ ունեցողները՝ ՀՀ գործող օրենսդրական դրույթների, կառավարության որոշման կայացման համար հիմք հանդիսացած միջնորդագրի, պետական լիազոր մարմնի կողմից որոշման նախագիծն ուղեկցող հիմնավորման գրության  փաստարկման ու վերլուծման միջոցով հերթական անգամ եզրահանգեցրին, որ  «Մոսկվա» ամառային կինոսրահը 20-րդ դարի 60-ական թվականների  մեր ազգային ճարտարապետության պատմության մեջ ստեղծագործական ակնհայտ դերակատարում ունեցած նվաճումներից է, որը  բազմիցս արժեւորվել ու դրվատանքի է արժանացել եւ տեղական, եւ արտերկրի մասնագիտական հրատարակումներում ու որպես այդպիսին ներառված է բուհական կրթական ծրագրերում: Իր այս արժանիքներով է նաեւ, որ ժամանակին այն ընդգրկվել է պահպանման ենթակա կառույցների պետական ցուցակում: ՀՀ ճարտարապետների միության ընդհանուր ժողովը որոշել է դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հետեւյալ առաջարկություններով. ազգային մշակույթի շահերի դրդմամբ՝ քննության առնել ու կասեցնել  Երեւանի «Մոսկվա» ամառային կինոսրահը հուշարձանների  պետական ցուցակից հանելու մասին ՀՀ կառավարության մարտի 4-ի  206-Ն որոշումը, որպես օրենքի տառին, կարգին հակասող ու նաեւ հանրության շահերից  չբխող վճիռ, արագացնել ու օժանդակել առաջիկայում ծրագրվող «Ճարտարապետության մասին» ՀՀ օրենքի  ընդունմանը, որով կկատարելագործվի ոլորտին տիրապետող պետական լիազոր մարմնի կառուցվածքը, նրա մասնագիտական վարույթին կվերադարձվի  պատմաճարտարապետական մեր ժառանգության պետական պահպանության բոլոր գործառույթները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել