Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողը, չարչին, թագավորը

Ապրիլ 01,2010 00:00

Լույս է տեսել Լեւոն Ջավախյանի «Արծաթագիր» պատմվածքների ժողովածուն կամ, ինչպես հեղինակն է ասում՝ «ինքնակենսագրական արձակը, որտեղ գրողը ծնել է ժամանակը, իսկ ժամանակը՝ գրողին»: Ի դեպ, գրքում զետեղված «Քիրվա» պատմվածքը արժանացել է տարածաշրջանային ամենամյա մրցանակի՝ «Հարավային Կովկասում հանդուրժողականություն եւ համերաշխություն քարոզելու համար», հասցրել նաեւ անհարկի շահարկումների տեղիք տալ: Մրցանակը Լ. Ջավախյանին կհանձնվի մայիս ամսին՝ Թբիլիսիում: Հավելենք, որ նման մրցանակ ամեն տարի ստանում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի մեկական ներկայացուցիչ: Գիրքը դեռ չի հասել գրախանութներ, սակայն արդեն աղմուկ է հանել հատկապես այն  «շրջանակներում», որոնք չեն վրիպել գրողի գրչից:
«Վաղահաս կարծիք» պատմվածքում  Լ. Ջավախյանը մեղմ հումորով տալիս է ճիշտ ապրելու բանաձեւը, որի մասին շատ ուշ են մարդիկ գլխի ընկնում. «Ամենամեծ բանը, որ երբեւէ հայտնագործել եմ՝ կյանքն է… Այն ժամանակ ես 50 տարեկան էի: Մինչ այդ ապրել էի հենց այնպես՝ ինչպես խոտը, ծառը, ձին, էշը կամ աղվեսը… Միայն  հիսուն տարեկանում հասկացա, թե ինչ է կյանքը (արդյո՞ք հասկացա..), հասկացա, որ այն պետք է ապրել մանրամասն: Մինչ այդ՝ ես ապրում էի, իսկ հիմա գիտեմ, որ ապրում եմ: Մարդիկ ծնվում  են եւ մեռնում, բայց եւ անում բաներ, որոնք զզվելիորեն խոչընդոտում  կամ էլ խթանում են կյանքը…»: Շնողեցի Լեւոն Ջավախյանը ամենաանկեղծ գրողն է, մարդ, որ չխորշեց Վերնիսաժում արծաթ վաճառելուց, չնայած գրականության մեջ իրեն ճանաչող ընկերը ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինքը Վերնիսաժում ինչ է անում («Անբաժանելին»): «Չարչի եմ, էլի, սովորական չարչի…,- գրում է Լեւոնը ու  հավելում ընկերոջ պատասխանը,- դու թագավոր ես չարչու կերպարով…»: Ու հետո ինքն է մեկնաբանում իր արծաթավաճառ-գրող լինելը. «Այդպես էլ ես՝ Լեւոն թագավորս, ծնվածս օրից անբաժան ինքս ինձանից, այս էլ տասը տարի, ծպտյալ չարչու նման, դախլի ետեւից ժովովրդիս եմ հետեւում ու երկրիս անցուդարձը գրի առնում: Իմ թագավորությունն ինձանով սկսվում ու ինձանով չի ավարտվում»: Փաստորեն, Լ. Ջավախյանը հիմք է դրել վերնիսաժային վավերագրությանը. նրա հերոսները իրական մարդիկ են: Ջավախյանն ասում է, որ ինքը դասականներին հասնելու խնդիր չունի. «Մեծերի ճամփով թող փոքրերը գնան… Ես նրանց (դասականների) նկատմամբ մի անվիճելի առավելություն ունեմ: Ես ապրում եմ: Իսկ ապրողից դեռ անակնկալներ կարելի է ընկալել՝ այն, ինչ չի կարելի մեռյալներից…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել