Ապրիլմեկյան կատակ
Լինում է, չի լինում՝ մի երկիր: Էս եղած-չեղած երկիրն էլ մի թագավոր՝ «Նախագահ» մականունով: Սա մի հանաքչի, ուտող-խմող, ծխող մարդ է լինում, ուշքն ու միտքը միայն մարտի մեկերն ու ապրիլի մեկերը: Մարտի մեկը, որ որպես գարնան առաջին օր թարխունով, ձվով, արաղով ու ընկերներով նշի, ապրիլի մեկն էլ, որ ընկերներով սուտ-մուտ ասեն, ուրախանան:
Հերթական ապրիլի մեկին էս թագավորը հրավիրում է կառավարության նիստ ու կատակով ասում.
– Ձեզնից ով մի ընենց սուտ ասի, որ ասեմ սուտ ա, վարչապետությունը կտամ իրեն:
Տիրում է խորը, աշխատանքային լռություն: Վերջապես ոտքի է կանգնում վարչապետը:
– Շեֆ,- ասում է,- չհասկացա, դու իմ հնարավորությունների վրա կասկածում ե՞ս… բա բյուջեն ո՞վ կազմեց, բա աճման ու բարգավաճման ծրագի՞րը…
– Մեռնեմ սրտիդ, թագավո՛ր,- ձայն է տալիս մի գնդլիկ նախարար,- թույլ կտա՞ս ես էլ արտահայտվեմ: Էդ ստի համար, որ ասում ես, կենսագրությունը կլինի՞…
– Այսինքն, ընչի չի լինի որ,- խնդմնդում է շեֆ թագավորը,- …էդ քոնն է, հա՞…
– Բա ինչ ա,- ասում ա չաղլիկը,- տակը ես եմ ստորագրում: Բայց հո՛ ստեր չկան…
– Զորօրինակ,- ասում է թագավորը:
– Զորօրինակ՝ դիպլոմս: Շեֆ ջան, ես ըսկի կարգին դպրոց չեմ ավարտել: Բա ստաժս, զինգրքույկս… էս նախարարությունից էլ թե մի բան եմ հասկանում, գետինը մտնեմ… էս մեր տեղականը…
– Մեծ ախպեր,- ոգեւորվում ա հաջորդը,- որ ըտենց ա, ես էլ մեղայականով եմ հանդես գալիս…
– Այսինքն,- շփոթված հիմա էլ սրան ա նայում թագավոր «Նախագահը»,- դա հի՞նչ ա նշանակում… կարող ա՞ նստել ես, այ տղա…
– Երեք անգամ,- ասում է,- բոլորն էլ խարդախության համար: Ու… խնդրում եմ ինձ «այ տղա» մի ասա, շեֆ, ես կին եմ… էդ էլ եմ կեղծել…
– Թագավո՛ր,- ճչում է կողքինը, ես էլ նախարարության բյուջեն եմ կերել…
– Տո, ես էլ ողջ նախարարությունը,- գոռում է մեկ ուրիշը,- լրիվ, մի չոփ չեմ թողել: Ինձ վաղուց ժամանակն է էդտեղից հանելու ու վարչապետ նշանակելու…
– Հա՞,- տեղից վեր է թռչում վարչապետն ու սեղանի տակից դուրս քաշում «կալաշնիկովը»,- դե որ ըտենց ա, ես տեռորիստ եմ, Ուսամա բեն Լադենը… ու մի բան էլ հլա դենը…
Ասում են՝ էդ օրվանից թագավորը արգելում ա ապրիլի մեկին հավաքներ անել:
Էդ օրը միայն անվնաս գրող-մրող, արվեստագետ ա հավաքում կողքերը, սուտ-մուտ խոսելու, ուրախանալու…