ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը պատրաստ է ներկայացնել վոկալ-սիմֆոնիկ կտավի գործեր
Հայ երաժշտասերը կարոտել է վոկալ-սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործությունների համերգային կատարումներին, որոնք պահանջում են առնվազն երկու-երեք կոլեկտիվների համախմբում: Նման կարոտի ու ցանկության ունկնդիրը եղանք օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանում առաջին անգամ կատարվեց 20-րդ դարի առաջին կեսի ֆրանսիացի հանճարեղ կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկի STABAT MATER կանտատը: Այն հնչեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան), «Հովեր» երգչախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), Երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) եւ սոպրանո Մերի Մովսիսյանի մեկնաբանմամբ: Դիրիժորական վահանակի մոտ էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը: 12 համարից բաղկացած կանտատը հնչեց կարծես մեկ շնչով: Ասվածի վկայությունն էին ավարտին դահլիճում թեւածող օվացիաները: Հիշյալ երկը Ռուսաստանում դեռեւս չի կատարվել, իսկ Արեւմուտքում տարբեր կոլեկտիվների ու ճանաչված ֆրանսիացի դիրիժորներ Ռիչարդ Հիչոկի եւ Ջորջե Պրետրեի ղեկավարությամբ CD-ի տեսքով թողարկվել է 11 անգամ:
Տարբեր երկրներում հիշարժան համերգներ ունեցած (այդ թվում՝ Բերգամոյի Դոնիցետիի օպերային թատրոնում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ», Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճներում եւ այլ հայտնի համերգասրահներում) դիրիժորից «Առավոտը» հետաքրքրվեց՝ կատարողի համար էական նշանակություն ունի՞ լսարանի ազգային կազմը: Ռ. Մլքեյանն ասաց. «Չի կարող էական նշանակություն ունենալ ազգային կազմը, չէ՞ որ երաժշտությունը այն համամարդկային լեզուն է, որ չկարողացավ խառնել ու խաթարել բաբելոնյան աշտարակաշինությունը: Ինչ վերաբերում է հայկական լսարանին, այստեղ առկա է զուտ հոգեբանական գործոնը, դա քո տանը լինելու զգացումն է, երբ թիկունքիդ զգում ես քաջալերող հայացքներ, առանց նայելու դահլիճին՝ տեսնում ես ծանոթ դեմքեր: Ի վերջո, գտնում ես այն վարար ծափողջույնները, որոնք հատուկ են միայն մեր ունկնդրին: Ասեմ նաեւ, որ այս կամ այն երկի հաջողության գրավականը մեկն է. ցանկացած հեղինակի ստեղծագործություն կատարելիս պետք է ձգտես հավատարիմ մնալ նրա էությանը»:
2008թ. Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) կազմից անջատվելուց եւ իր ղեկավարած երգչախումբը պետական կարգավիճակ ստանալուց հետո սա երրորդ համերգն է, որտեղ դիրիժորին հանդիպում ենք սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարման վահանակի առջեւ: Կարելի՞ է ենթադրել, որ դիրիժորին երգչախումբն այլեւս չի բավարարում, թե՞ սա յուրատեսակ մարտահրավեր է ՀՊԿՆ-ի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանին: Մեր զրուցակիցը, որի անունը նույնպես հոլովվում է այս պաշտոնի համար, չանդրադառնալով մեր դիտարկման վերջին մասին, հայտնեց հետեւյալը. «Անցյալ տարի ամռանը Երիտասարդականի եւ իմ ղեկավարած երգչախմբի հետ կատարեցի Հայդնի «Թերեզա մեսսան», այնուհետեւ դեկտեմբերին Ֆիլհարմոնիկի հետ Բեթհովենի 7-րդ սիմֆոնիան, Ռավելի «Բոլերոն»… Եթե մեր նվագախմբերի ղեկավարները ցանկություն ունենան, ես մտադիր եմ տարվա ընթացքում հինգ համերգով, հիմնականում առաջին անգամ, Հայաստանում ներկայացնել վոկալ-սիմֆոնիկ կտավի գործեր»: