«ՀայART» մշակութային կենտրոնում ապրիլի 2-ին կկայանա ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանին նվիրված երեկո. առաջին անգամ կցուցադրվի «Տիեզերքը ափի մեջ» փաստագրական ֆիլմը՝ ներկայացնելով մեծ գիտնական-աստղաֆիզիկոսի, փիլիսոփայի, գրողի, նկարչի մտածողության եւ էության բազմաշերտ աշխարհը: Այդ երեկո ներկայացվելու է նաեւ Գուրզադյան-նկարչի շուրջ 60 ստեղծագործություն (ի դեպ, նա ուսանել է նաեւ Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, լինելով Մարիամ Ասլամազյանի): Իսկ գրող Գուրզադյանի գեղագիտական- փիլիսոփայական աշխարհին հաղորդակից կլինենք հետեւյալ գրքերով. «Տիեզերքը ափի մեջ», «Մի սիրո պատմություն», «Կոսմիկական կատաստրոֆա», «Խոհեր… խոհեր…», «Որդիս Արարատի գագաթին», «Կաքավաբերդի առեղծվածը»…
«ՀայART» մշակութային կենտրոնի տնօրեն, ֆիլմի հեղինակ Ռիտա Շառոյանի խոսքով. «Ֆիլմը ստեղծվել է Գուրզադյանի հետ տարբեր տարիների հանդիպումներից, հարցազրույցներից եւ նկարահանումներից պահպանված արխիվային նյութերի հիման վրա: Այդ հանդիպումները, զրույցները, բանավեճերը անջնջելի են եւ շատ ուսանելի, որոնք եւ փորձել եմ ֆիլմի միջոցով դարձնել բոլորինը: Գուրզադյանը ոչ միայն ապրում էր Գառնիի լեռների ու բնության մեջ, այլեւ դարձել էր դրանցից անբաժան մի մասնիկ եւ ձուլվել բնությանը՝ հայացքը դեպի տիեզերական անհունություն»: