Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հետաքրքրաշարժ լեզվաբանություն»

Ապրիլ 01,2010 00:00

Կամ՝ ինչպես վերընկալել բառերի «մթագնված» իմաստները

Օրերս Հայաստանի ազգային գրադարանում կայացավ լեզվաբան Լալիկ Խաչատրյանի «Հետաքրքրաշարժ լեզվաբանություն» գրքի շնորհանդեսը: Գիրքը պարունակում է հետաքրքրաշարժ լեզվական իրողություններ՝ իմաստաբանության, փոխառությունների եւ հատկանունների բնագավառներից: Մասնավորապես՝ «Իմաստաբանություն» բաժնում վերլուծվում են իմաստափոխությունը, ձայնդարձը, բառաձեւերի բառական եւ քերականական իմաստների մթագնումը, ստուգաբանությունը, տարահիմքությունը, արմատի տարբերակները եւ այլն: Փոխառությունների բաժնում մատուցվում են բառային փոխառությունները, բացահայտվում են նրանց նախնական եւ արդի իմաստները: Քննության ընթացքում համեմատական օրինակներ են վկայվում հնդեվրոպական ցեղակից մի շարք լեզուներից: Հատկանունների բաժնում մատուցվում է նրանց իմաստաբանությունը, խոսվում է աշխարհագրական անվանումների ստուգաբանական իմաստների մասին, քննվում է աշխարհամասերի, քաղաքների, գետերի, լճերի, կղզիների անունների ծագումը, ցույց են տրվում այն գործոնները, որոնցով պայմանավորված է հատկանունների առաջացումը:
Ըստ հեղինակի, գրքում կան ամենօրյա գործածական բազմաթիվ բառեր, որոնց նախնական իմաստները մթագնել են, սակայն դրանք դեռ գործածվում են: «Այդ կարգի բառերի իմաստների վերընկալումը հնարավորություն կտա թափանցելու բառերի ներքին բովանդակային գաղտնիքների մեջ եւ ճանաչելու ամբողջական բառաշարքեր, որոնք, ձեւաիմաստային ընդհանրություն ունենալով հանդերձ, միաժամանակ զգալիորեն տարբերվում են միմյանցից: Բառերի անթեղված այս իմաստների բացահայտումը կարեւոր է ոչ միայն լեզվական միավորների բառիմաստների ճանաչման, այլեւ բառապաշարի հարստացման եւ ճիշտ բառագործածության առումներով…»,- պարզաբանում է հեղինակը:
Նշենք, որ Լ. Խաչատրյանը 1982 թ.-ից աշխատում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, դասավանդում է գրաբար, ժամանակակից հայոց լեզու, ընդհանուր լեզվաբանություն: Նա հրատարակել է շուրջ 60 գիտամեթոդական հոդվածներ, բառարաններ, դպրոցական եւ բուհական դասագրքեր, մասնակցել է հայոց լեզվի հարցարանների եւ շտեմարանների կազմման աշխատանքներին: Գրաբար եւ հայ հին գրականություն առարկաներ է դասավանդել Սիրիայի Հալեպ քաղաքի «Քարեն Եփփե» ճեմարանում: 2007թ. վարել է Սպահան քաղաքի հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել