Բուհերը պիտի բարեփոխվեն
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն-հիմնադրամը (ՈԱԱԿ) կրթական համակարգի բարեփոխման իր առաջարկներով փաթեթը վարչապետին ներկայացնելուց առաջ՝ երեկ ներկայացրեց մասնավոր բուհերի ղեկավարներին: ՈԱԱԿ-ի առաջարկները մասնավորապես վերաբերում էին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրմանը՝ նոր չափանիշներին համապատասխան: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով. «Մեր կենտրոնի առաջարկն է սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում կարելի է բացերը լրացնել, բայց այնպես չէ, որ մեզ մոտ ամեն ինչ վատ է, պարզապես՝ համակարգված չէ, պետք է բացերը լրացնել եւ դրանից հետո իրականացնել երկարաձգված հավատարմագրում, այսինքն՝ չանել դա ինչպես ստանդարտում ընդունված է՝ մեկ մասնագիտության համար 30 շաբաթ, այլ, օրինակ՝ 3 տարի, բայց ամեն փուլից առաջ բուհերում կատարել նախապատրաստական աշխատանք, որպեսզի ավելի արդյունավետ լինի ամեն քայլը»:
Պարոն Թոփչյանի տեղեկացմամբ, առաջին հավատարմագրումը 2001-ին էր, երբ հավատարմագրվեց 45 բուհ: Մինչեւ 2008թ. հավատարմագրվող բուհերի թիվը աստիճանաբար նվազեց, իսկ արդեն 2008-ին հասավ 2-ի: Պարոն Թոփչյանը սա բացատրում է նրանով, որ նախկինում ոչ պետական բուհը հավատարմագրումն ընկալել է զուտ իբրեւ դիպլոմ տալու հնարավորություն: Ռ. Թոփչյանի խոսքով, առաջարկների փաթեթի քննարկումը սկսել են հենց մասնավոր ուսումնական հաստատություններից, քանի որ այստեղ խնդիրն ավելի «սուր» է դրված. «Մասնավորները հիմա փաստորեն տալիս են պետական նմուշի դիպլոմ: Պետական բուհերը սկզբունքորեն չեն էլ անցել հավատարմագրում, եւ այս խնդիրը չեն ունեցել: Ստացվում է, որ հավատարմագրումը միայն պետական նմուշի դիպլոմ տալն էր, մինչդեռ աշխարհը փոխվել է, բայց մենք աշխատում ենք հին տարբերակներով. պետական թե մասնավոր բոլոր բուհերը անընդհատ պետք է ճշտեն իրենց ծրագրերը եւ վստահեցնեն, որ իրենց տված կրթությունը որակյալ է»:
ՈԱԱԿ-ի տնօրենի կարծիքով, հայաստանյան բուհերին պակասում է ներքին կրթական որակի եւ միաժամանակ այն վերահսկելու համակարգը: Նրա համոզմամբ, հատկապես ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունները հավատարմագրման ոչ հստակ պատկերացումներ ունեն. «Ախր հավատարմագրումը բուհերի կրթական ծրագրերի որակի հաստատումն է»: Այս առումով պարոն Թոփչյանը նկատեց, որ լուրջ անելիքներ ունեն. «Մենք էլ պետք է լրջորեն վերահսկենք բուհերին»: Հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ, «Հյուսիսային համալսարանի» ռեկտոր Բորիս Մակիչյանն էլ «Առավոտին» ասաց, որ վերջին տարիներին մասնավոր բուհերի աճը թեեւ դրական է գնահատում, միեւնույն է, դա իր դրական կողմերով հանդերձ, ինչ-որ առումով ունեցել է բացասական ազդեցություն՝ կրթական համակարգի որակի վրա: Պարոն Մակիչյանը վստահ է՝ հավատարմագրման գործընթացը կբերի նրան, որ, ի վերջո, ՀՀ բուհերի վարկանիշը կվարձրանա արտերկրում, նրանց տված դիպլոմներն էլ ճանաչելի կլինեն: