Բելգիայի իշխանությունները կարող են օրինականացնել այդ երկրում մահմեդական կանանց կողմից ավանդական վերնահագուստի՝ փարաջա կրելու արգելքը: Ինչպես հաղորդում է AFP-ին, Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի ներքին գործերի հանձնաժողովը հավանություն է տվել հասարակական վայրերում փարաջայով, դեմքը ծածկող այլ տարրերով կանանց հայտնվելն արգելող օրինագծին: Այդպիսի հագուստ կրելու համար, օրինագծի համաձայն, կինը կարող է նույնիսկ ազատազրկվել մինչեւ մեկ տարի ժամկետով: Սպասվում է, որ համապատասխան օրինագիծը կքննարկվի Բելգիայի խորհրդարանի ապրիլի 22-ի լիագումար նիստում: Եթե պատգամավորները հավանության արժանացնեն այդ նախագիծը, ապա Բելգիան կդառնա Եվրոպայի առաջին այն երկիրը, որտեղ մահմեդական ավանդական հագուստի կրումը լիակատար արգելքի տակ կդրվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2004թ.-ին, մահմեդական կանացի հագուստ կրելու մասնակի արգելք կիրառվել էր նաեւ Ֆրանսիայում: Իրավապաշտպանները, սակայն, քննադատել են այդ օրինագիծը: