Երեկ Հյուսիսային Կովկասում, Դաղստանի Կիզլյար քաղաքում, 35 րոպեի տարբերությամբ, երկու պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալներով, զոհվել է 12 մարդ, եւս 27-ը վիրավորվել են: Զույգ պայթյունները իրականացրել են մահապարտ ահաբեկիչները: Դաղստանի ՆԳՆ-ի մատուցմամբ, առաջին պայթյունը իրականացրել է ականապատված ավտոմեքենայի վարորդը, երկրորդը՝ ոստիկանության համազգեստ հագած ահաբեկիչը, որը հայտնվել է առաջին պայթյունի վայրում հավաքված ոստիկանների մեջ: Երկրորդ ահաբեկիչի ինքնությունը պարզվել է: Նախնական տեղեկություններով, զոհերի թվում 9-ը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներ են, մեկը քննիչ է, մյուսը՝ տեղի բնակիչ, որը պատահմամբ հայտնվել է ոչ այն վայրում: Զոհվածների թվում է նաեւ Կիզլյարի ոստիկանապետ Վիտալի Վեդերնիկովը:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կառավարության նախագահության նիստում հայտարարել է, որ Կիզլյարի ահաբեկչությունը կարող է կազմակերպված լինել այն ահաբեկիչների կողմից, որոնք ընդամենը 48 ժամ առաջ պայթյուններ էին կազմակերպել Մոսկվայի «Լյուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում: Պուտինը նաեւ երկրի ՆԳ նախարար Ռաշիդ Նուրգալիեւին հանձնարարել է Հյուսիսային Կովկասում ավելացնել ոստիկանների թիվը: Վերջինս, ի դեպ, հայտարարել է, որ ահաբեկիչների թիրախը մարդաշատ վայրերն են՝ դպրոցներ, քոլեջներ, այլ հիմնարկներ, ուստի՝ նաեւ բնակչությանը կոչ է արել աչալուրջ լինել:
Միաժամանակ, ինչպես փոխանցում է BBC-ին, ինտերնետում հայտնվել է մի ձայնագրություն, որտեղ մի տղամարդ «Էմիրատա Կավկազա» խմբավորման եւ Դոկու Ումարովի անունից հերքել է վերջիններիս առնչությունը Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյունների հետ:
Տեղի ունեցած ահաբեկչությունների ֆոնին ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի արած՝ Մոսկվայի մետրոյի պայթյուններում կարող է երեւակվել «վրացական հետք» հայտարարության մեկնաբանությամբ հանդես է եկել նաեւ Վրաստանի ռեինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին: Վերջինս շեշտել է, որ նման մեղադրանքները «մատից հոտ քաշելու» նման բան են: Բայցեւայնպես, պետնախարարը հայտնել է տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու Թբիլիսիի պատրաստակամության մասին՝ հավելելով, որ Հյուսիսային Կովկասը միայն Ռուսաստանի խնդիրը չէ, եւ Վրաստանը չի ուզում, որ կրկնվի ո՛չ Պանկիսի կիրճում տեղի ունեցածը եւ ո՛չ էլ հյուսիսկովկասյան հանրապետություններից փախստականների հոսքը Վրաստանի տարածք: