Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ

Ապրիլ 01,2010 00:00

Դասական ուղղագրութեան վերահաստատմանը խանգարող մտավախութիւնները

Սկիզբը՝ «Առավոտ», 09.02.10, 11.02.10, 23.02.10,  27.02.10,  04.03.10, 06.03.10, 10.03.10, 18.03.10, 25.03.10

Ինչպէս տեսանք, խեղագրութեան նպատակն էր փոփոխել դասական ուղղագրութիւնը այնպէս, որ բառապատկերները փոխելու միջոցով առաւելագոյնս հեռանալով ու կտրուելով աւանդական գրահամակարգից՝ հեշտացնել անցումը օտարալեզու գրերին (լատին կամ այլ) եւ կամ ձուլուելով ռուսականին՝ հող նախապատրաստել միալեզու եւ մէկ ընդհանուր մշակոյթով սոցիալիստական ազգի վերածուելու: Բարեբախտաբար, դա չիրականացաւ եւ վերացաւ նաեւ կեղծ ռեֆորմի բոլշեւիկեան քաղաքական հարկադրանքը: Եւ նկատի առնելով դասական ուղղագրութեամբ աւանդական գրահամակարգի «բարեփոխման» կարիք չունենալը, բայց նրա պահպանման խիստ կարեւորութիւնը (որոնք արդէն շարադրել ենք նիւթի սկզբում), անհասկանալի է դառնում անկախացած երկրի պայմաններում ազգային արմատներին վերադառնալու անհրաժեշտութիւնը չգիտակցելը եւ վերացած երկրի լեզուական դեկրետների գաղափարներին կառչած մնալը: Մեր մտաւորականների եւ մանաւանդ լեզուաբանների այն մասը, որոնք, ըստ կրթութեան ու գիտութեան նախկին լուսամիտ նախարար Լեւոն Մկրտչեանի ձեւակերպման, սեփականաշնորհել եւ իրենց մենաշնորհն են դարձրել լեզուական ողջ կալուածը, ցայսօր հանդէս չբերեցին մասնագիտական անկողմնակալութիւն՝ ազնուօրէն դէմ գնալու տիրող ուղղագրական կարծրամտութեանը: Մինչդեռ հասարակութեան զարգացումը կախուած է նրա ղեկավարների մտքի ճկունութեան ու յեղափոխականութեան դրսեւորումից: Նրանք այդպէս էլ մնացին նոյն հին մտակաղապարի գերին եւ չկարողացան կամ չուզեցին լսել աշխարհահռչակ լեզուագէտների ու մտաւորականների կարծիքներն ու յորդորները եւ կամ անարձագանգ թողեցին մեր օրերում առաջ քաշուած հարցերը: Ներկայացուած փաստարկներին եւ առաջադրած հարցերին հիմնաւոր հակափաստարկներ չեն ներկայացնում, ինչպէս Ռաֆ. Իշխանեանն է դիպուկ նկատել, պատասխանելով միայն «թւալ», «մի՞թէ պարզ չէ» եւ նման «հիմնաւորումներով»: Մեր կարծիքով՝ դասականի վերականգնմանը խոչընդոտում են հետեւեալ պատճառներով:
Դասական ուղղագրութեանը վերադառնալու առաջին խոչընդոտը սովորութեան ուժն է: Արդէն երրորդ սերունդն է սովորում աբեղեանասեւակեան խեղագրութեամբ եւ այդ հիմքի վրայ են կրթութիւն ստացել Հայաստանում լեզուաբանութեան հարցերը այսօր տնօրինողները: Վարժութեան կամ վարժուածութեան ախտը տիրապետել է թէ՛ լեզուաբաններին ու գրողներին, թէ՛ մանկավարժներին ու նրանց սաներին, հասարակայնութեանն ու ղեկավարներին:
Պատճառաբանում են խորհրդային տարիներին եղած տպագրութեան մեծ ծաւալը, որոնց վերահրատարակելը մեծ ծախսերի հետ են կապում: Նրանք մոռանում են, որ մինչեւ այսօր սփիւռքում եւ մինչեւ 1922թ. Հայաստանում հրատարակուած ամբողջ գրականութիւնը, նաեւ 1500-ամեայ ազգային մատենագիտական ժառանգութիւնը գրուել են դասական ուղղագրութեամբ: Խորհրդային հրատարակութիւնները կրկին հրատարակելու կարիք չկայ, պարզապէս, երբ կարիք լինի վերահրատարակելու, արդէն դա կ\’արուի դասականով:
Յաջորդ պատճառաբանութիւնը այն է, թէ՝ դասական ուղղագրութեան միասնականացման համար պայմանները չեն հասունացել, որ անհրաժեշտ են պատմաքաղաքական, գիտական, մանկավարժական եւ հոգեբանական հիմնաւորումներ: Նախ՝ խնդիրը հասունացել էր դեռ քսանական-երեսունական թուականներին, երբ մէկը միւսի ետեւից կազմւում էին յանձնաժողովներ՝ փրկելու համար ստեղծուած խայտառակ վիճակը (տես՝ 1924, 1926, 1932թթ. մի քանի յանձնաժողովները), եւ վերջում՝ Գ. Սեւակի կատարած երկրորդ ռեֆորմը՝ 1940թ.: Բայց խնդիրը «հասունացած» չեն համարում, որպէսզի աւելի երկարաձգեն խեղագրութեան կեանքը եւ աւելացնեն դրանով ուսած սերունդների թիւը: Իսկ երբ համարեն հարցը հասունացած, արդէն ուշ կը լինի եւ կը կորցնենք գիտական կատարելութեամբ դասականը: Այսօր Ադոնցից աւելի մեծը կայ՞, հերքելու համար նրա հետեւեալ խօսքերը. «Ո՛չ զուտ լեզուագիտական, ո՛չ մանկավարժական եւ ո՛չ անգամ գործնական որեւէ հիմ չեմ տեսնում շեղուելու աւանդական ուղղագրութեան սկզբունքից… Խեղագրութիւնը հէնց արեւելահայ գրական լեզուի շահերի դէմ է»:
Խեղագրութեան համեմատ դասականի կատարելութեան մասին բազմիցս վկայել են թէ՛ հայրենի, թէ օտար լեզուաբաններն ու մտաւորականները: Նախորդ գլխում տեսանք նաեւ մեր ներկայ ուղղագրութեան խառնաշփոթ վիճակը, երբ նոյնիսկ գուրգէնսեւակեան կիսաբարեփոխումից յետոյ էլ մասնակի վերականգնուած դասականի կողքին միաժամանակ շարունակւում է աբեղեանական կանոնների կիրառումը: Այստեղ է իրենց պահանջած «գիտամանկավարժական» խնդիրը, երբ մանկավարժը չի կարող հիմնաւորել, թէ ինչու Ե-ով բառերի մի մասում Ե-ն դառնում է Ի (յիշենք՝ գետ- գիտուն եւ գետ-գետափ) կամ Օ գրանշանի դասական գրելաձեւը վերականգնելու հետ միասին շարունակւում է Ո-ի պահպանուած խեղագրութիւնը (դասական օրէնք-ը, աբեղեանական որենք-ը, սեւակեան օրենք-ը): Շատ են այդպիսի անբացատրելի եւ անտրամաբանական, չհիմնաւորուած «բարեփոխումներ»: Ինչ վերաբերում է պատմաքաղաքական հիմնաւորումներին, ապա դա արդէն մեզ յայտնի է լեզուն քաղաքականացնելու, քաղաքական խնդիրներ լուծելու բոլշեւիկեան փորձից, ինչն այսօր ձգտում են յաւերժացնել՝ զրկուած մնալու համար ազգային արմատներից: Իսկ ներկայիս «Մէկ ազգ, մեկ մշակոյթ» պետականօրէն հռչակուած գաղափարախօսութիւնը պատմաքաղաքական հիմնաւորում չէ՞ սփիւռքի հետ աւանդական ուղղագրութեամբ միասնականանալու համար: Այդպիսի հիմնաւորման մասին արդէն մեր մեծերը ասել են (նախորդ բաժիններում), նշելով գրաբարի ու աշխարհաբար գրական լեզուների եւ ուղղագրական պորտալարը չկտրելու պարտադրանքը: Ինչ վերաբերում է հոգեբանական հիմնաւորումին, դա նոյնպէս արհեստական խնդիր է: Հարցն այն է, որ պարզապէս պէտք է ժողովրդին, մտաւորականութեանը բացատրել այս հիմնախնդրի ծագման եւ էութեան իրականութիւնը, ծանօթացնել դասական եւ խեղագրական ուղղագրութիւնների տարբերութիւններին, առանց որի մարդիկ չեն կարող համեմատել եւ կողմնորոշուել:
Այնուհետեւ: Որպէս փաստարկ ներկայացնում են այն, որ հարկաւոր էր «լեզուի մէջ արտասանութեան եւ գրութեան միջեւ առաջացած էական տարբերութիւնները վերացնել»: Լեզուագիտութեան մէջ ընդունուած օրէնք է (կրկնենք)՝ հնչական-արտասանական փոփոխութիւններին չպէտք է հետեւեն ուղղագրական փոփոխութիւններ, խախտելով գրահամակարգի կանոնարկուած օրէնքները: Այլապէս կը փոխուեն աւանդական բառապատկերները եւ յաջորդ սերունդները, որոնց արտասանութիւնը փոխուած կը լինի (ինչը բնական է բոլոր լեզուների համար), չեն կարող կարդալ, հասկանալ նախորդ սերունդների ուղղագրութեամբ գրուածը:
Դասական ուղղագրութեան միասնականացման հակափաստարկներից յաջորդը վերաբերում է սփիւռքում հայերէն օգտագործողների սահմանափակ թուաքանակին եւ նրանց նուազման միտումին: Պէտք է մէկընդմիշտ վերջ տալ լեզուական հարցերին քանակական տեսակէտով մօտենալը: Սա գալիս է Աբեղեանից, ով գտնում էր, որ եւրոպական ազգերի մտաւորականները մեծ թիւ են կազմում եւ նրանք իրաւունք ունեն չփոխելու աւանդական ուղղագրութիւնը, իսկ մեզ համար դա թոյլատրելի է: Լեզուական հարցերը ի՞նչ կապ ունեն քանակի հետ: Եթէ աշխարհում մէկ հայ էլ մնացած լինի, նա պէտք է կարդայ-գրի իր աւանդական գրահամակարգի համաձայն՝ դասականով: Եթէ, նոյնիսկ, Աստուած մի արասցէ, հայը վերանայ աշխարհի թատերաբեմից, ինչպէս դրացի Բաբելոնը, Ասորիքը, Փիւնիկը կամ փարաւոնական Եգիպտոսը, միեւնոյն է, աշխարհում մնացած յաջորդ սերունդները հայերէն կամ հնդեւրոպերէն ուսումնասիրելու համար պէտք է դիմեն մեր դասական ուղղագրութեանը: Իսկ այն փաստարկումը, թէ՝ արդէն սփիւռքում էլ են գրում «նոր ուղղագրութեամբ», ճիշտ չէ, այնտեղ միայն այդպէս են գրում Հայաստանից արտագաղթածները եւ շատ կարեւոր է, որ նրանց զաւակների համար հայրենիքից ուղարկուող դասագրքերը լինեն դասական ուղղագրութեամբ, այլապէս երեխաները կը խճճուեն տարբեր ուղղագրութիւններ միաժամանակ գործածելու պայմաններում, առաւել խորթանալով միմեանցից: Սփիւռքի վիճակը բոլորովին անյուսալի չէ: Մերձաւոր արեւելեան երկրներից (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Կիպրոս եւայլն) արտագաղթածները դեռ պահում են մայրենին: Մնում է զօրացնել նաեւ դպրոցները, իսկ Երեւանում հիմնել Սփիւռքի Համալսարան՝ սփիւռքահայ երիտասարդութեան համար:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել