Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մենք եւ Եվրոպան

Ապրիլ 01,2010 00:00

Լուրջ հումոր՝ տեղական եւ տարածքային իշխանությունների հարթությունում

Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ է 2001 թվականի հունվարի 25-ից եւ, ի թիվս ԵԽ այլ կառույցների, ներկայացուցիչ ունի Եվրոպայի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում: Իսկ ԵՏՏԻԿ-ը ունի «Տեղական եւ տարածքային ընտրվող ներկայացուցիչների պահվածքի եվրոպական կանոնագիրք»: Այլ խոսքով՝ Հայաստանի բոլոր 912 համայնքապետերը՝ լինի քաղաքային, թե գյուղական համայնք, պիտի իրենց պահեն ըստ այս կանոնագրքի: ՀՀ-ում մարզպետը նշանակովի է, բայց տարածքային իշխանություն է, այնպես որ, այս կանոնագիրքը տարածվում է նաեւ նրանց վրա: Այսօր էլ ապրիլի 1-ն է, ըստ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի»՝ Հումորի եւ երգիծանքի օր: Եթե «Տեղական եւ տարածքային ընտրվող ներկայացուցիչների պահվածքի եվրոպական կանոնագիրքը» եւ մեր համայնքապետերի ու մարզպետների պահվածքը դնենք մի հարթության վրա՝ ապրիլմեկյան տրամադրությունը ապահովված կլինի:
Կանոնագրքի հեղինակները վստահ են, որ կանոնագիրքը կնպաստի տեղական եւ տարածքային իշխանությունների նկատմամբ քաղաքացիների վստահության աճին, իսկ այդ վստահությունը անհրաժեշտ է, որ նշված իշխանությունները արդյունավետ աշխատեն: Հայաստանում տեղական եւ տարածքային իշխանություններն անում են ամեն ինչ, որ մայրաքաղաքում նստած որոշ պաշտոնյաներ իրենց վստահեն եւ միայն:
Ըստ կանոնագրքի, տեղական պաշտոնյաները աշխատում են հանրության օգտին եւ ոչ թե բացառապես հանուն սեփական ուղղակի կամ անուղղակի շահերի, կամ առանձին մասնավոր անձանց, կամ խմբի շահերի՝ անձնական օգուտ ստանալու նպատակով: Հայաստանում համայնքապետերն ու մարզպետները առաջին հերթին ապահովում են սեփական անձի, ընտանիքի ու խնամի-ծանոթ-բարեկամ-ընկեր-հարազատների շահերի հուսալի պաշտպանություն, այս շրջանակից դուրս քաղաքացիների շահերի մասին մտածելու ժամանակ չեն ունենում:
Ըստ կանոնագրքի, տեղական եւ տարածքային իշխանությունները պարտավորվում են գործել ջանասիրաբար, թափանցիկ եւ պատրաստ՝ հաշվետու լինել ընդունած որոշումների համար: Հայաստանում համայնքապետերն ու մարզպետները ջանասիրաբար ընտրություն են կեղծում, հաշվետու են միայն իրենց կուսակցական բոսերին ու այնքան ոչ թափանցիկ, որ տեղեկություն ստանալու համար հարկ է լինում դիմել դատարան:
Ըստ կանոնագրքի, տեղական եւ տարածքային իշխանությունները չեն խրախուսում պետական այլ ծառայողների օրինախախտումները: Հայաստանում հատկապես մարզպետները ոչ միայն խրախուսում են, այլ նաեւ դրդում են համայնքապետերին օրենք խախտել ու նաեւ աչք են փակում նրանց բոլոր խախտումների վրա՝ հանուն սեփական ուղղակի եւ անուղղակի շահերի:
Ըստ կանոնագրքի, տեղական եւ տարածքային իշխանությունները ձեռնպահ են մնում մասնակցել այն քննարկումներին եւ քվեարկություններին, ուր ունեն ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն: Հայաստանում համայնքապետերն ու մարզպետները ոչ միայն մասնակցում են նման քննարկումներին եւ քվեարկություններին, այլ զոռբայությամբ հասնում իրենց ուղղակի կամ անուղղակի շահերից բխող որոշումների:
Ըստ կանոնագրքի, տեղական եւ տարածքային իշխանությունները պետք է կաշառք չվերցնեն, հարգեն օրենքները, լինեն կարգապահ, ընտրարշավի ժամանակ մրցակիցների վրա ցեխ չշպրտեն, պետք է մարդուն աշխատանքի ընդունելիս հաշվի առնեն նրա վաստակը, մասնագիտական հմտությունները, համապատասխանությունը պաշտոնին եւ այլն: Մի բան, որ Հայաստանում չի արվում: Եվ, ընդհանրապես, կանոնագրքի 25 հոդվածներից ոչ մեկն էլ Հայաստանում չի կիրառվում:

Հ. Գ. Իհարկե, մենք ունենք բարեխիղճ աշխատող համայնքապետեր: Ցավոք, 912 համայնքապետերի մեջ բարեխիղճ տեսակը քիչ է ու ավելի շատ բացառություն, քան սովորական իրողություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել