Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զարկ տանք «Անկողին- նախաճաշ» զբոսաշրջությանը

Ապրիլ 01,2010 00:00

Հայաստանի գյուղերը եւ գյուղացիները զարգացման նոր գործիք կունենան

\"\"

«Առավոտը» 2009թ. հուլիսի 15-ին՝ «Նոր հնարավորություն համայնքների համար» հրապարակմամբ տեղեկացրել է, որ ֆրանսիական Ռոհն Ալպ ռեգիոնի 12 համայնքներ համագործակցում են Հայաստանի 8 մարզերի հետ: Ռոհն Ալպի ռեգիոնալ ասամբլեան յուրաքանչյուր տարի իր բյուջեից 300 հազար եվրո է հատկացնում Հայաստանում կայուն ու ռեգիոնալ համաչափ զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար:
Այս ծրագրի շրջանակներում գյուղական կամ, ինչպես Եվրոպայում ընդունված է ասել՝ «Անկողին-նախաճաշ» զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նախաձեռնություն է իրականացնում 2009 թվականին հիմնադրված «Միասին» հիմնադրամը:
Հիմնադրամի նախագահ Աստղիկ Մարանջյանը ապրում է Շվեյցարիայում, ուր «Անկողին-նախաճաշ» գյուղական զբոսաշրջությունը շատ է զարգացած ու մեծ եկամուտներ է բերում եւ համայնքներին, եւ առանձին գյուղացիների: Զբոսաշրջության այս տեսակը ավելի շատ էքստրեմալ է. զբոսաշրջիկը ապրում է տվյալ երկրի որեւէ գյուղի բնակչի տանը եւ առանց որեւէ ուղեկցողի, առանց միշտ իր տրամադրության տակ գտնվող փոխադրամիջոցի ծանոթանում երկրին՝ միայն ինքն է ու իր ուսապարկը: «Անկողին-նախաճաշ» զբոսաշրջությանը համապատասխան եւ հարմար են այն տները, որոնք արտացոլում են տվյալ երկրին ու տարածքի բնակչին հատուկ կոլորիտն ու մշակույթը ու նաեւ զբոսաշրջիկի համար կենցաղային նորմալ պայմաններ կարող են ապահովել: Լինելով հայկական գյուղերում, տիկին Մարանջյանը նկատել է, որ մեր գյուղերում այս զբոսաշրջությունը կարող է զարգանալ՝ «մեր գյուղացիներն իրենց կյանքը արժեւորելու խնդիր ունեն»:
Մեզ հետ զրույցում հիմնադրամի նախագահ Աստղիկ Մարանջյանն ասաց, որ 2009 թվականի փետրվարից կազմակերպությունը սկսել է ուսումնասիրել Հայաստանի մարզերում «Անկողին-նախաճաշ» զբոսաշրջության զարգացման հեռանկարները եւ այսօր արդեն կազմակերպության կայքում տեղադրված են Հայաստանում առկա հնարավորությունները: «Հայաստանում առաջին անգամ փորձելու ենք իրականացնել հյուրատների Օn-Line պատվիրում եւ կանխավճարի մուծում, հայտնի է, որ «Անկողին-նախաճաշ» զբոսաշրջությունը միջնորդներ՝ տուրօպերատոր չի սիրում»,- հայտարարեց տիկին Մարանջյանը:
Կազմակերպության կայքն առայժմ միայն ֆրանսերեն է, առաջիկայում կայքը նաեւ անգլերեն ու գերմաներեն կներկայանա «Անկողին-նախաճաշ» զբոսաշրջության սիրահարներին: Բացի սրանից, մարտի 27-ին «Միասին» հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել է Հայաստանի զբոսաշրջային տների միությունը: Այս պահին ասոցիացիայում միեւնույն նպատակի շուրջ միավորվել է 20 հյուրատուն՝ Հայաստանի բոլոր 10 մարզերից:
Աստղիկ Մարանջյանի խոսքով, ծրագրով հետաքրքրված են այլ կառույցներ՝ Տուրօպերատորների միությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում»՝ CAPS ծրագիրը եւ այլ: Հայաստանի զբոսաշրջային տների միությունը մտադիր է հյուրատների տերերի համար կազմակերպել օտար լեզվի ուսուցման դասընթացներ, ծանոթացնել օտար երկրից եկած հյուրի հետ աշխատելու նրբություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել