Մարտի 30-ին հրդեհ էր բռնկվել Կապանի Շղարշիկ թաղամասի հարակից անտառում: Այրվել են մոտ 3 հեկտար թփուտներ ու ծառեր: Սյունիքի մարզային փրկարարական վարչությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժամը 13-ի սահմաններում: Դեպքի վայր մեկնած մեկ հրշեջ հաշվարկին հաջողվել է կրակը մարել միայն 2 ժամ հետո, քանի որ տեղանքի անհարմարության պատճառով ջրցան մեքենաները չեն կարողացել բարձրանալ հրդեհված տարածքը, ուստի փրկարարները կրակը հանգցրին մեծ դժվարությամբ ու առանց տեխնիկայի: Ըստ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանի՝ սա այս տարվա արձանագրված առաջին անտառային հրդեհն էր: Պարոն Հարությունյանը նշում է, որ բռնկված հրդեհի պատճառը մարդկային գործոնն է, քանի որ, ելնելով եղանակային պայմաններից՝ շոգ ու տապ չէր, հնարավոր չէր հրդեհ բռնկվեր անտառում:
Վնասի չափերը ճշտվում են: