Լրահոս
Օրվա լրահոսը

Սկեսուրը՝ որպես բռնարար

Ապրիլ 01,2010 00:00

Արարատի մարզի բնակչուհի Ա. Գ.-ն ամուսնության 15 եւ ավելի տարիների ընթացքում ապրելով ամուսնու, սկեսրոջ եւ սկեսրայրի հետ նույն տանը, պարբերաբար ենթարկվել է ծեծի, հոգեբանական բռնության՝ ոչ միայն ամուսնու կողմից, այլ նաեւ սկեսրոջ, որը որդեգրելով բռնարարի կերպար, տարիներ շարունակ նվաստացրել է հարսին եւ ի վերջո հասել իր նպատակին՝ բաժանել իր տղային կնոջից: Ա. Գ.-ի հետ զրույցի ժամանակ տեղեկացանք, որ 5 տարի առաջ կինը դիմել է դատարան՝ ամուսնալուծության պահանջի վերաբերյալ: Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է կնոջ պահանջը եւ լուծել ամուսնության փաստը: Ընդ որում, 2 անչափահաս երեխաների խնամքը դատարանը հանձնել է մորը: Դատարանի կողմից ամուսնալուծությունից հետո, չգիտես ինչու, նախկին ամուսինը օրեր շարունակ փորձեր էր անում կնոջը հետ վերադարձնել, պնդելով, որ անհնար է առանց նրա ապրել:
Այս անգամ մեր պատմությունը նման չէ մեր կողմից ուսումնասիրված այն բոլոր ընտանեկան բռնության դեպքերին, երբ որպես բռնարար հանդես է գալիս ամուսինը, այս դեպքում «սկեսուրն» է նաեւ որպես այդպիսին իր դերը խաղում: Այստեղից հարց է ծագում, ինչու, մի՞թե հարսը պարտավոր է հանդուրժել սկեսրոջ արարքը:
Ա. Գ.-ն ամուսնալուծությունից որոշ ժամանակ հետո որոշեց հանուն երեխաների այս անգամ եւս հանդուրժել ամուսնու «արած-չարածը» եւ անկախ այն բանից, որ դատարանի վճիռը ի կատար էր ածվել, կինը փակեց աչքերը եւ որոշեց նորից վերադառնալ ամուսնու մոտ: Նշենք, որ այդ կարճ ժամանակահատվածում սկեսուրը հասցրել էր հարմար թեկնածու գտնել իր տղայի համար եւ ամուսնացրել, այսպես կոչված, առանց փաստացի գրանցման: Բայց այս անգամ երկար չտեւեց համատեղ բնակությունը նոր կնոջ հետ:
Ա.Գ.-ն վերադարձավ ամուսնու մոտ, որոշ ժամանակ անց հարաբերական անդորրը նորից վերածվեց կռվի, մինչեւ որ կնոջ համբերության բաժակը լցվեց եւ հերթական կռվի ժամանակ Ա. Գ.-ն  անհրաժեշտ պաշտպանության նպատակով դանակի հարվածով մարմնական վնասվածք պատճառեց ամուսնուն: Փաստի առիթով քրգործ հարուցվեց ոստիկանության բաժանմունքում եւ տվյալ գործով կատարվում է նախաքննություն: Ստացվում է՝ ով բռնության ենթարկվի, ում վրա գործ հարուցեն: Էլ չենք խոսում սկեսրոջ կողմից կատարված հանցավոր ոտնձգությունների վերաբերյալ, որըոնք այդպես էլ մնում են անպատիժ: Այժմ 2 անչափահաս երեխաները գտնվում են ամուսնու մոտ, քանի որ կինը բնակության համար պայմաններ չունի եւ, բացի այդ, ամուսինը հրաժարվում է երեխաներին տալ մորը, ոչինչ չպատճառաբանելով: Մինչդեռ գոյություն ունի դատարանի վճիռ, այն մասին, որ երեխաների խնամքը հանձնվում է մորը: Այս վիճակում ոչ մեկը ոչնչով չի աջակցում Ա. Գ.-ին՝ իր երեխաների օրինական շահերի պաշտպանության եւ իր իրավունքների վերականգնման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել