Մաքսային պետական կոմիտեն նոր խախտումներ է գտել
«Կոկա-Կոլա Հելլ. Բոթլ. Քամփ. Արմ.» ՓԲԸ բեռի նախնական զննման ժամանակ ընկերության ապրանքը տեղափոխող բեռնատար ավտոմեքենայի կշիռը Բագրատաշենի մաքսակետում կազմել է մոտ 38 հազար կգ, մինչդեռ «Ապավեն» մաքսային պահեստ տեղափոխելուց հետո բեռի քաշը պակասել էր շուրջ մեկուկես տոննայով: Զննման արդյունքում պարզվել էր, որ բեռնախցիկի անթափանցելիությունն ապահովված չի եղել:
Մեկ այլ դեպք էլ արձանագրվել է «Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում, որտեղ նմանատիպ իրավախախտում է հայտնաբերվել «Ռուբվաչ» ՍՊԸ-ի՝ Ռուսաստանից ներկրած բեռի զննության ժամանակ: Պարզվել է, որ Բագրատաշենի մաքսակետում 28640 կգ կշված բեռը մաքսային պահեստ մուտք է գործել դարձյալ մոտ 1,5 տոննա պակաս քաշով: Ընդ որում, արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ իրավախախտները, առանց վնասելու ավտոմեքենայի վրա առկա մաքսային ապահովման միջոցը, բացել են դուռը եւ ճանապարհին դատարկել բեռի մի մասը: Ավտոմեքենայի դռները բացելուց հետո մաքսավորները պարզել են նաեւ, որ բեռի դասավորվածությունը եւ քանակը չեն համապատասխանում սահմանին կազմված նկար-փաստաթղթի հետ:
«Ձյունիկ սառնարան» մաքսային պահեստում արձանագրված իրավախախտումը կապված է «Մելդավ» ՍՊԸ-ի հետ: Վերջինիս պատկանող բեռը մաքսակետում կազմել է մոտ 40 հազար կգ, իսկ պահեստ հասցվելուց հետո այն ավելի քան 2 տոննա պակաս է կշռել, ընդ որում, ավտոմեքենայի կցորդի վրա Բագրատաշենի մաքսակետում դրված երեք մաքսային ապահովման միջոցները մինչեւ պահեստ հասնելը չէին վնասվել: «Ձյունիկ սառնարանում» ավտոմեքենայի արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի ետեւի դռան ելուստը շարժական է եղել, եւ իրավախախտները կարողացել են առանց մաքսային ապահովումը վնասելու դռները բացել: