Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգառները տեղափոխում են՝ առանց իրազեկելու

Ապրիլ 01,2010 00:00

Լավ նախաձեռնության վատ իրականացումը

Տասը օրից ավելի է, ինչ երթուղային տաքսիների վարորդները կանգառ չեն կատարում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մի քանիսում տարիներ շարունակ գործող կանգառներում՝ հարուցելով ուղեւորների դժգոհությունը:
Վարորդները դա պատճառաբանում են նրանով, որ կանգառ կատարելու դեպքում պետավտոտեսչության կողմից կտուգանվեն 10 հազար դրամով: Արդյունքում՝ բազմաթիվ անտեղյակ քաղաքացիներ, սովորականի նման կանգնելով նշված կանգառներում, ստիպված են լինում իրենց ժամանակն ու նյարդերը վատնել՝ սպասելով մեկը մյուսի հետեւից սուրացող եւ այդպես էլ չկանգնող երթուղայիններին: Միայն Տիգրան Մեծի պողոտայում կա նման 3 «տուգանվող կանգառ»՝ «Տաշիր» հանրախանութի հարեւանությամբ, Մանկավարժական համալսարանի դիմաց եւ Ֆիրդուսի շուկայի մոտ: Եթե առաջին 2 դեպքերում այդ կանգառներում բացակայում են համապատասխան նշաններն ու դրանք, ըստ էության, ոչ օրինական կանգառներ են, ապա Ֆիրդուսի շուկայի կանգառը միանգամայն օրինական է, որտեղ ժամանակին կանգառասրահ եւ համապատասխան ճանապարհային նշան կար:
Թե ինչո՞ւ են օրինական կանգառները հանվել հարցին «Առավոտի» հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արման Միրիջանյանն ասաց. «Արված փոփոխությունները բացառապես միտված են կանգառների ցանցի կանոնակարգմանն ու հատկապես բանուկ հատվածներում գտնվող կանգառների շուրջ երթեւեկության բեռնաթափմանը»: Ինչ վերաբերում է վերոնշյալ կանգառներին, ապա, ըստ վարչության պետի, դրանցից եւ ոչ մեկը օրինական կանգառ չէ, քանի որ ներկայումս այդտեղ չկան ճանապարհային նշաններ, գծանշումներ կամ կանգառասրահներ: Ուստի, պետավտոտեսչությունն ուղղակի խստացրել է վերահսկողությունը: Մեր դիտարկմանը, թե խստացումից առաջ անհրաժեշտ էր իրազեկել քաղաքացիներին, որ այդ վայրերում այլեւս կանգառներ չեն լինելու, պրն Միրիջանյանը հակադարձեց. «Քաղաքացիներն ի սկզբանե չպետք է այդտեղ կանգնեին, քանի որ դա երթեւեկության կանոնների նույնպիսի խախտում է, ինչպես, ասենք, կարմիր լույսի տակով անցնելը: Ուստի կարիք չկա իրազեկելու, թե այսուհետեւ խախտում մի արեք»:
Նկատենք, սակայն, որ նույն քաղաքապետարանի տրամադրած տվյալների համաձայն, Երեւանում գործող ավելի քան 900 կանգառներից ընդամենը 330-ն է կահավորված, իսկ մնացած շուրջ 600 կանգառներում բացակայում են համապատասխան ճանապարհային նշաններն ու գծանշումը, այսինքն՝ դրանք օրինական չեն համարվում: Հետեւաբար, եթե առաջնորդվենք ճանապարհային կանոնների պահպանմամբ, ապա վարորդները չպետք է կանգառ կատարեն այդ 600 կանգառներում, ինչը կնշանակի ուղղակիորեն կաթվածահար անել քաղաքային տրանսպորտի ողջ ցանցը: Ուստի, հասկանալի չէ երթեւեկության կանոնների պահպանությանը հետամուտ լինելու՝ ոլորտը վերահսկող մարմինների ընտրողական մոտեցումը: Առավելեւս, որ վերացնելով Ֆիրդուսի շուկայի դիմացի կանգառը, մոտակա 2՝ «Այրարատ» կինոթատրոնի եւ Ամիրյան փողոցի կանգառների միջեւ գոյանում է չափազանց մեծ միջկանգառային հեռավորություն: Ու թեեւ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության ավագ մասնագետ Արսեն Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ տվյալ դեպքում առկա հեռավորությունը կազմում է 600 մետր, ինչը չի գերազանցում գործող չափորոշիչները, ակնհայտ է, որ նման հեռավորությունը դժվարանցանելի է տարեցների, երեխաների եւ այլ սոցիալական խմբերի համար: Հատկապես, եթե հաշվի ենք առնում Տիգրան Մեծի պողոտայի այդ հատվածի մայթերի անմխիթար վիճակն ու դրանց՝ տարատեսակ տաղավարներով զավթված լինելու փաստը: Բացի այդ, ինչպես տեղեկացանք, Ամիրյան փողոցի սկզբնամասում գործող կանգառը նախատեսվում է ժամանակավորապես տեղափոխել Զաքիյան փողոցի անկյուն՝ այդպիսով էլ ավելի մեծացնելով միջկանգառային հեռավորությունը եւ խախտելով արդեն քաղաքապետարանի ներկայացուցչի նշած առավելագույն՝ 600 մետր սահմանագիծը:
Ինչ վերաբերում է Ֆիրդուսի շուկայի տարածքի կանգառին, ապա քաղաքապետարանից հայտնեցին, որ պատճառը տվյալ հատվածի չափազանց բանուկ երթեւեկությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել