Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՆԱԿ ՄՈՐԻՑ ԿԼՈՆ ՉԻ ԾՆՎՈՒՄ

Ապրիլ 01,2010 00:00

Վստահեցնում են մասնագետներն ու ասում՝ ավելի լավ է այդ մեթոդով երեխա ունենալ, քան՝ «լեւի» գնալով

\"\"

Փոխնակ մայր կարող է դառնալ վերարտադրողական տարիքի՝ 18-35 տարեկան յուրաքանչյուր կին, սակայն չի կարելի այս մեթոդը կուրորեն կիրառել, քանի որ շատ երիտասարդ տարիքի կանանց ներգրավումն այս ծրագրի մեջ ռիսկային է՝ նրանց հոգեպես եւ ֆիզիկապես պատրաստված չլինելու պատճառով: «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց անցյալ տարվանից Հայաստանում գործող փոխնակ մայրեր տրամադրող «Առողջ միտք» կազմակերպության տնօրեն Դավիթ Մխիթարյանը: Նրա խոսքերով, ինքն անհնարին է համարում Քրեական օրենսգրքի հոդվածներով նախկինում դատապարտված կանանց ներգրավումը փոխնակ մայրության ծրագրում. «Կարծում եմ, անզավակ ամուսնական զույգի ֆինանսական ներդրումները, սպասված երջանկությունն ու հոգեկան հանդարտությունն այս պարագայում անհիմն կերպով վտանգվում են»: Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են գտնում այն կանանց, որոնք համաձայնում են փոխնակ մայր դառնալ, պարոն Մխիթարյանը պատասխանեց. «Փոխնակ մայրության ծրագրին մասնակցելու ցանկություն ունեցող կանանց գտնում ենք այնպես, ինչպես գտնում են ցանկացած այլ աշխատանք առաջարկող կազմակերպությունները՝ հայտարարության, շրջապատի, գովազդային գործունեության միջոցով: Մեր պայմանագրերի թիվն արդեն տասնյակն անցել է: Մենք ոչ միայն փոխնակ մայրերի հետ ենք աշխատում, այլեւ սեռաբջիջների՝ ձվաբջջի դոնորների»: Այն հարցին, թե չի՞ պատահում, որ փոխնակ մայրերը հղիանալուց հետո խզեն պայմանագիրը, խաբելով, որ հղի չեն, ընկերության տնօրենն ասաց. «Խաբելը կամ փոխնակ մոր կողմից պայմանագիրը խզելը բացառվում է, եթե խոսքը չի գնում այն դեպքերի մասին, երբ հարաբերվող կողմերից մեկը, օրինակ՝ կենսաբանական ծնողները, խախտում են պայմանագրով ամրագրված պայմանը: Բոլոր այլ պարագաներում պայմանագրի միակողմանի լուծումը շահեկան չէ ֆինանսական առումով: Մեր գործունեության ընթացքում դեռեւս որեւէ անլուծելի կամ տհաճ բարդություն չի ծագել: Հուրախություն բոլոր շահագրգիռ կողմերի եւ ի պատիվ բարձրակարգ մասնագետների, փոխնակ մայրերից որեւէ մեկը չի վիժել, հղիություններն ընթանում են առանց էական շեղումների կամ բարդությունների: Բացի այդ, փոխնակ մայրը որեւէ կերպ չի կարող թաքցնել հղիությունը կամ ձեւացնել այն, քանի որ գործառույթի ողջ ընթացքում նա գտնվում է փորձառու մասնագետների հսկողության տակ, ենթարկվում է պլանային զննումների»: Նա հայտնեց նաեւ, որ շուտով կծնվի իրենց առաջնեկը՝ այն երեխան, որը լույս աշխարհ է գալու փոխնակ մոր միջոցով. «Տեղեկության կարգով ասեմ, որ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը չի փոխում ապագա նորածինների սեռերի վիճակագրական հարաբերությունը, այսինքն՝ ծնվում են ավելի շատ տղաներ, քան աղջիկներ»:
Մենք պարոն Մխիթարյանից հետաքրքրվեցինք, թե հաշվի առե՞լ են փոխնակ մայրերի հոգեբանական գործոնները, փոխնակ մայրերը դժվարությամբ չե՞ն հանձնում իրենց ծնած երեխային ուրիշին. «Փոխնակ մոր ընտրությունը պատասխանատու աշխատանք է, որի ընթացքում նրան տրվում է մանրամասն տեղեկություն իր հետ կապված գործառույթի կենսաբանական, բժշկական, իրավաբանական գործընթացների մասին, նախապես բացատրվում են հնարավոր դժվարությունների ու դրանցից խուսափելու հնարավորությունները: Մեր բարեխղճությունից եւ ունակություններից շատ բան է կախված: Փոխնակ մայրը կրում է կենսաբանական ծնողների երեխային եւ ծննդաբերությունից հետո նրանց հանձնում է իր ծննդաբերած, սակայն իրեն չպատկանող երեխային: Նա ծառայություն է մատուցում, որի համար եւ վարձատրվում է: Ծննդաբերությունից հետո փոխնակ մայրը գտնվում է բժշկական հսկողության տակ, օգտվում է անվճար հիմունքներով օգնության բոլոր տեսակներից՝ այնքան ժամանակ եւ այն ծավալով, որն անհրաժեշտ է նրա լիարժեք ապաքինման համար: Կենսաբանական ծնողները հաճախ մեզ դիմում են, որպեսզի բացառվի փոխնակ մոր հետ անձնական կոնտակտը: Անձամբ ինձ այդ զգուշավորությունը հիմնավորված է թվում»:
Հղիության ընթացքում փոխնակ մայրը, եթե կենցաղային պայմանները բավարարում են, կարող է շարունակել բնակվել սեփական տանը: Նրան կարող է տրամադրվել եւ ժամանակավոր բնակարան հղիության ընթացքում: Ընդհանրապես, ընտանիքը փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար, ըստ պարոն Մխիթարյանի, պետք է նախապատրաստի $23-25 հազար. «Այդ գումարը ներառում է բժշկական բոլոր ծախսերը, փոխնակ մոր վարձավճարը, հարակից ծախսերն ու մեր ծառայության վարձը: Նշեմ, որ մեր ծառայության մեջ մտնում է ոչ միայն փոխնակ մոր թեկնածու առաջարկելը, այլեւ կողմերի փոխհարաբերությունների իրավաբանական լիարժեք սպասարկումը, ընդհուպ մինչեւ նորածնի ծննդյան վկայականի ձեւակերպումը»: Դ. Մխիթարյանն ասաց, որ մեր երկրում ավելի շատ նախընտրում են ազգությամբ հայ փոխնակ մոր ծառայություններից օգտվել, քանի որ նրանք ավելի առողջ են՝ չեն խմում, չեն ծխում. «Անգամ արտասահմանում բնակվող ընտանիքներն են նախընտրում հայ փոխնակ մոր հետ գործ ունենալ»:
Մենք պարոն Մխիթարյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե, իր կարծիքով, մեր հասարակությունը պատրա՞ստ է այս մեթոդով երեխա ունենալուն: Նա ասաց, որ եթե հասարակությունը իրազեկված լինի, որ հիվանդությունների, զարգացման թերությունների պատճառով չբերությունն ու ամլությունը հասնում են 20 եւ ավելի տոկոսի, եթե իմանա երեխա որդեգրելու գործառույթի իրական դժվարությունների, անզավակ զույգերի առջեւ ի հայտ եկող խնդիրների մասին եւ պատկերացնի այդ ընտանիքների, նրանց հարազատների հուսալքության եւ դժբախտության աստիճանը, ապա փոխնակ մայրությունը նրա համար ոչ թե սուր դեբատների թեմա կդառնա, այլ ազգային նշանակություն կստանա. «Ես զրուցել եմ նաեւ եկեղեցու ներկայացուցիչների հետ: Նրանց վերաբերմունքն էլ միանշանակ չէ: Իմ խորը համոզմամբ, եկեղեցին իրավասու չէ արգելել մարդուն օգտվել սեփական ժառանգականությունը շարունակելու իրական հնարավորությունից եւ իրավունքից: Փոխնակ մայրությունը չի կարող նույնացվել կլոնավորման կամ որեւէ այլ բանի հետ: Հասարակությունը ծանոթ է նաեւ անզավակ ընտանիքներում երեխա ունենալու տարաբնույթ, եւ, շեշտեմ, ապօրինի միջոցներին: Օրինակ՝ ամուսինը ընտանիքից դուրս, այլ կնոջ հետ հարաբերվում եւ երեխա է ունենում, հետո այս կամ այն կերպ վերցնում է այդ երեխային կենսաբանական մորից, բերում տուն: Ասեմ, որ երկրներ կան, որտեղ այդ տեխնոլոգիաների կիրառումն արգելված է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել