Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նկատելի են զարգացման միտումներ

Ապրիլ 01,2010 00:00

«Հետճգնաժամային պայմաններում ռուսական եւ եվրոպական շուկաներն արթնանում են, իսկ այս գործընթացում մենք պետք է մեր շուկաները գտնենք, այս համատեքստում կարեւոր է ձեւավորել ազատական շուկա եւ ապահովել համապատասխան քանակությամբ արտադրանք եւ հումք, որ հայ գործարարը կարողանա իրացնել իր արտադրանքը միջազգային շուկայում»,- երեկվա ասուլիսում ոսկեգործությունն ու ադամանդագործությունը զարգացնելուն անդրադառնալով՝ նման կարծիք հայտնեց էկոնոմիկայի նախարարության Առեւտրի եւ արդյունավետ շուկաների վարչության պետ Գագիկ Քոչարյանը:
Նրա տեղեկացմամբ, այս տարվա սկզբին ադամանդագործության ոլորտում արձանագրված աճը գերազանցեց բոլոր սպասելիքները. «Եթե հաշվի առնենք, որ նախորդ տարվա հունվար-փետրվարին ընդամենը ներկրվել է 10 հազար կարատ ադամանդ, ապա այս տարի ներկրել ենք 60 հազար կարատ ադամանդ»: Պարոն Քոչարյանը նկատեց, որ ճգնաժամի հետեւանքով ոլորտը բավականին կորուստներ էր արձանագրել, օրինակ՝ 2008-ի տարեվերջին ոլորտում կար 600 աշխատատեղ, իսկ 2009-ին դրանց թիվը հասավ 380-ի:
Նրա դիտարկմամբ, անկման հարցում էական դեր ունեցավ նաեւ «ԱլՌոսա» ընկերությունը, որը մի տեւական ժամանակ դադարեցրել էր ադամանդի վաճառքը եւ շուկա վերադարձավ միայն նախորդ տարվա օգոստոսից. «Իսկ սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր մենք գրանցեցինք միջինը ամսական 21% աճ»: Պարոն Քոչարյանի հավաստմամբ, տարեսկզբին արձանագրած հաջողությունները ոլորտում 35% են ապահովել, նաեւ աշխատատեղերի թիվն է ավելացել՝ 380-ից հասնելով 731-ի:
Գ. Քոչարյանն ասաց, որ դեռ նախորդ տարվանից շարունակվում են $100 միլիոնի վարկային տեսքով ադամանդի հումք ներկրելու բանակցությունները, ապա անդրադառնալով ոսկերչության ոլորտին՝ ներկայացրեց. «Նախորդ տարի արտահանել ենք մոտ 10,7 միլիոն դոլարի ոսկերչական իրեր՝ 2008-ի 22,6 միլիոն դոլարի փոխարեն»: Նրա համոզմամբ, այս ոլորտի զարգացման համար մեծ դեր ունի հատկապես ԱՄՆ-ի շուկան, որը «դեռ մինչեւ հիմա քնած է», Միացյալ Նահանգների շուկայի աշխուժությունը ոլորտում կտրուկ աճ կարձանագրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել