Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՈՒՄ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՏԱՐԱԾՈՒՄ ՉՈՒՆԵՆ

Ապրիլ 01,2010 00:00

Վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը

Ազգային ժողովի պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի մշտական հանձնաժողովը երեկ լսումներ էր անցկացնում «ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը դատախազության տեսանկյունից թմրամիջոցների դեմ պայքարի մանրամասները ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին հետաքրքրում էր, թե հայոց բանակում կա՞ն թմրամիջոցների օգտագործման դեպքեր եւ արդյոք բանակը վտանգվա՞ծ է այդ ախտով: Ի պատասխան՝ Արամ Թամազյանը հայտարարեց. «Վիճակագրական տվյալները թույլ են տալիս ասել, որ բանակում մեծ տարածվածություն չունի, այդուհանդերձ, մենք զինվորական դատախազության եւ ոստիկանության հետ միասին ամեն ինչ կանենք, որ այդ կարգի երեւույթները չներթափանցեն բանակ, չնայած բանակը մեր հասարակության մի մասն է եւ զերծ չի կարող լինել նման երեւույթներից»: Երբ գլխավոր դատախազի տեղակալը հայտարարեց, որ մեր բանակում նման դեպքեր չեն գրանցվել, հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը տեղից արձագանքեց. «Ի տարբերություն մեր հարեւան երկրի բանակի»:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների թիվը 2008-2009թթ. կազմել է 1238: Այս թիվը երկու անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշի համեմատությամբ:
ՀՀ ոստիկանության պետի նորանշանակ առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը հստակեցրեց, որ հատկապես մտահոգիչ է հետեւյալը. «ՄԱԿ-ի 2009թ. տարեկան զեկույցում մտահոգություն է հայտնվել, որ Հայաստանը՝ Վրաստանի ու Ադրբեջանի հետ մեկտեղ, աստիճանաբար կարող է վերածվել թմրամիջոցների տարանցիկ երկրի, եւ օրինակ է բերվել 2008թ.-ին Բուլղարիայի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերված եւ առգրավված 425կգ հերոինը, որը, ըստ զեկույցի, անցել է նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով: Կարծում եմ, որ նման վտանգը առավել իրատեսական կդառնա նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման պարագայում: Հայաստանի՝ թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկիր վերածվելու փաստի մասին խոսում է նաեւ օտարերկրյա քաղաքացիների, հատկապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թվի աճը: 2010թ. փետրվարին կանխվեց մի քանի քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ներկրումը՝ մոտ 4 կգ 730 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը թաքցված էր ավտոմեքենայի մեջ, իսկ 6 կգ 934 գրամ հերոինը՝ նկարի փայտյա շրջանակների մեջ: Արձանագրվել են նմանատիպ նաեւ այլ դեպքեր»: «Մենք չունենք որեւէ դեպք, որ թմրամիջոց իրացնողը ազատազրկման չդատապարտվի: Մենք չունենք այդպիսի դեպք, բայց նաեւ ունենք հետեւյալ դեպքերը, երբ մեկը իր մահամերձ մոր համար ստացել է դեղորայք, համապատասխան թմրամիջոց, եւ մեկ ուրիշը եկել-խնդրել է, նա էլ տվել է: Հիմա սրա՞ն էլ 7 տարի ազատազրկենք, որովհետեւ իրացո՞ւմ է դիտվում: Կարծում եմ, մենք դա չենք անի»,- երեկ հայտարարեց գլխավոր դատախազի տեղակալը:
Մեկ այլ պատկերավոր օրինակ եւս ներկայացրեց. «Տրանսպորտային հանցագործություն է. մի գյուղացի խոտի դեզը բարձած, կողքին էլ մի մարդ, գյուղ գնալու ճանապարհին մեքենան փոսն է ընկնում, եւ այդ մարդը ընկնում-մահանում է: Հիմա սրա՞ն էլ տանենք 5 տարի ազատազրկենք եւ նրա՞ն էլ՝ ով Երեւանի փողոցներում կարմիր լույսի տակ, բարձր երաժշտությունը միացրած, հարբած վրաերթ է կատարում: Մենք այդ բանը չենք անի»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հետաքրքրվեց՝ արդյոք հարուստ, ապահովված անձանց, պաշտոնյաների կամ նրանց զավակների մեջ չկա՞ն թմրամիջոցներ գործածողներ եւ ներկրողներ: Զարմանալիորեն, Արամ Թամազյանը չշրջանցեց հարցը, սակայն պատասխանը հնչեց այսպես. «Մենք դեռեւս չենք անդրադարձել, թե 779 մեղադրյալների մեջ քանիսն են ապահով եւ քանիսը՝ ոչ: Ամեն դեպքում ունենք մի քանի դեպք՝ հայտնի մարդկանց զավակների հետ կապված: Անունները հարմար չի տալ, բայց, բոլոր դեպքերում, իհարկե՝ ունենք, այս պահին էլ կալանքի տակ գտնվող մարդիկ ունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել