Խորհուրդ է տալիս արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը
– ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի «Դատավարությունների դիտարկում» զեկույցի առնչությամբ քննարկումները բավականին ակտիվ են: Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ նշված է, որ արդարադատության նախարարությունը ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով որեւէ գործառույթ չունի ոչ դատարանների արդարադատության իրականացման, ոչ էլ հետաքննության ու նախաքննության մարմինների գործունեության, առավել եւս ՀՀ դատախազության նկատմամբ, հետեւաբար, չպետք է անդրադառնար զեկույցի այն դրույթներին, որոնցում գնահատական էր տրված այդ կառույցների գործունեությանը, ինչը դուք արել եք: Կիսո՞ւմ եք այս կարծիքը:
– Նման կարծիք հայտնելուց առաջ իրենք պետք է նախ նկատի ունենային հետեւյալ պարզագույն փաստարկը՝ պետք չէր «պնդաճակատությամբ» (սա սոսկ «հայտարարություն» հորջորջած իրենց փաստաթղթից է վերցված) անտեսել, որ խոսքը դատաիրավական բարեփոխումների համար հիմք հանդիսացած գործնական վերլուծությունների, փաստական հանգամանքների համարժեք գնահատման մասին է: Օրենսդրությունը մշակում են բացառապես այդ գործոնների համալիր ուսումնասիրության եւ դրանց առնչությամբ առկա գնահատականների համադրման արդյունքների հիման վրա: Կարծում եմ՝ ժամանակն է զերծ մնալ, առանց իրավիճակի համալիր վերլուծության, այս կամ այն երկրի օրենքները արտագրելու արատավոր պրակտիկայից: Այլ կերպ ասած, հարկ էր գոնե իրավական հարցադրումների առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս մի պահ ձերբազատվել քաղաքական կապանքներից եւ ընդունել, որ մեր կողմից ներկայացված փաստաթղթերը հենց բարեփոխումների համար անհրաժեշտ վերլուծությունների հենք են, իսկ արդարադատության նախարարությունը պատասխանատու դերակատարում ունի այդ հարցում: Միաժամանակ, շնորհակալ եմ, որ հստակ հնչել է այն միտքը, որ արդարադատության նախարարությունը այլեւս չունի գործառույթներ՝ վերը նշված մարմինների դատավարական գործունեության առնչությամբ: Կարծում եմ՝ այս հարցում կապահովվի հետեւողական դիրքորոշում, իսկ առավել մեծ ձեռքբերում կունենանք, եթե նույն այդ քաղաքական ուժերը փորձեն զերծ մնալ ընթացող դատաքննությունների շրջանակներում դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու «գործառույթ» ստանձնելուց:
– Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ գործող քննչական հատուկ ծառայությունը պետք է դադարեցնի իր գործունեությունը, եւ պետք է ստեղծվի մեկ այլ անկախ քննչական մարմին, ինչպես առաջարկում են դիտորդները իրենց զեկույցում: Դուք համամի՞տ եք այս դիտարկմանը:
– Զեկույցում կոնկրետ ոչինչ չի ասված, թե ինչպիսի քննչական անկախ մարմին նկատի ունեն: Եթե դա հայտնի է մեր հարգարժան գործընկերներին, կամ իրենք արդեն նկատի ունեն նման մի մարմին, ապա առավել նպատակահարմար կլիներ կոնկրետ խոսել այդ մասին: Վերջին հաշվով, եթե որեւէ մարմնի գործունեություն քննադատվում է, ապա չեմ կարծում, թե այն վերացնելու եւ նորը ստեղծելու եղանակը լավագույնն է: Նման դեպքերում բարելավվում են գործունեության եղանակներն ու սկզբունքները, կազմավորման ընթացակարգերը եւ այլն: Ի դեպ, եթե, խոսելով անկախ մարմնի մասին, նկատի ունեն սոսկ լսումների ձեւաչափով անկախ մարմնի ստեղծման անհրաժեշտությունը, ապա այն Սահմանադրության հիմնադրույթների համատեքստում երբեք չի կարող, ըստ էության, «քննչական անկախ մարմին» համարվել, եւ այդ հիմքով բացառել հատուկ քննչական ծառայության գործունեությունը: Վերջին հաշվով, պետք չէ մոռանալ, որ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացնում դատախազությունը:
– Մարդու իրավունքների պաշտպանի մեկ այլ դիտարկման համաձայն, եթե որեւէ պաշտոնյա իր հետ միասին դուրս գա եւ հարցնի շարքային քաղաքացիներին, թե ինչ կարծիքի են զեկույցի մասին, ապա արդյունքը «խայտառակություն» կլինի, քանի որ շարքային քաղաքացիները կհայտնեն, որ իրենք ավելի շատ միջազգային կառույցի հետ են համաձայն: Հնարավո՞ր է նման փորձ անել:
– Ես ուրիշ հարց կառաջարկեի. մեր համաքաղաքացիները որքանո՞վ են ծանոթ այդ զեկույցին, կարդացե՞լ են այն, թե՞ դրա մասին պատկերացում ունեն սոսկ որոշ լրատվամիջոցների կանխակալ ու խեղաթյուրված լուրերի շրջանակում: Ցավում եմ, բայց պատասխանը եւս գոհացուցիչ չի լինի: Կարծես դարձյալ նախապատվությունը տրվում է այնպիսի երեւույթի մասին կարծիք հայտնելուն, որի մասին բավարար չափով պետք չէ, որ իրազեկված լինես: Նկատենք, որ զեկույցը բնավ միատարր փաստաթուղթ չէ. օրինակ, զեկույցում ներառված են նաեւ դրական ձեռքբերումների մասին ուշագրավ դիտարկումներ: Այլ կերպ ասած, սա հանրաքվեի ենթակա նյութ չէ:
Բացի այդ, կրկին հիշեցնեմ, որ ինքս ոչ թե համաձայն չեմ զեկույցի հետ, այլ ներկայացրել եմ որոշ նկատառումներ, որոնք անհրաժեշտ են արդարադատության ոլորտում իրավիճակի առնչությամբ անկողմնակալ պատկերացում կազմելու եւ ըստ այդմ էլ, անհրաժեշտ շտկումներ իրականացնելու համար: Իսկ փաստաթղթի առնչությամբ որոշ առարկություններ ներկայացնելու համար չպետք է նեղվել, գոնե այդ միջազգային կառույցի ներկայացուցիչները բնավ այդպես չեն մտածում եւ իրենց գոհունակությունն են հայտնել: Ընդհանրապես կոչ կանեի այս հիրավի լուրջ ու խիստ կարեւոր իրավական փաստաթուղթը անհարկի չդարձնել զգացմունքային քննարկումների թիրախ, այլ միասնաբար գործել՝ երկրի դատաիրավական համակարգը բարելավելու ձգտումով: Պատրաստ ենք համագործակցելու բոլոր, այդ թվում՝ ակնհայտ հակաբեւեռ դիրքորոշում ունեցող ուժերի հետ, քննարկել նրանց եզրահանգումները եւ սպառիչ ու համարժեք արձագանքել: