Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-Ի ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՄԻՋԵՎ ԲԱՆԱՎԵՃԻՑ

Ապրիլ 01,2010 00:00

«Ձեր տանն էլ, եթե կոնֆլիկտ է լինում՝ Դուք գնում եք ինչ-որ փոխզիջման: Դա որեւէ խնդիր չէ». ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը երեկ «Հենարան» ակումբում այսպես հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանին: Վերջինս հիշատակեց, որ «Ալ Վաթան» թերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել է Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանների վերադարձի մասին: «Ինձ թվում է՝ Դուք նկատի ունեք անվտանգության գոտին»,- արձագանքեց ՀՀԿ-ականը: «Ես նկատի ունեմ ԼՂՀ Սահմանադրությամբ իրենց պատկանող տարածքները»,- առարկեց «Ժառանգության» պատգամավորը: «Ես էլ նկատի ունեմ անվտանգության գոտին»,- պնդեց Կարեն Ավագյանը: «Դուք չե՞ք ճանաչում ԼՂՀ տարածքային ամբողջականությունը»,- փորձեց ճշտել Ստյոպա Սաֆարյանը: Սակայն նրա ընդդիմախոսն ընդամենն ասաց. «Դուք հիմա ուղղակի հարց եք տալիս: Ես շատ հստակ ասացի»:
Նույն կերպ ընթացավ նաեւ ներքաղաքական հարցերի շուրջ բանավեճը: Ստյոպա Սաֆարյանի հիշատակմանը, թե «Ժառանգությունը» քաղաքական ոչ-ֆորմալ կենտրոն ձեւավորելու կոչով դիմել է կոալիցիային, ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին՝ Կարեն Ավագյանը նախ արձագանքեց հարցով. «Էլի ընկերացե՞լ եք Կոնգրեսի հետ»: «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Մենք բոլորի հետ փորձում ենք համագործակցել: Ընկերությունը քաղաքական կատեգորիա չէ: Իսկ քաղաքականությունից դուրս՝ ընկերություն ենք անում բոլորի հետ»: Կարեն Ավագյանն իր կարծիքը հայտնեց այս նախաձեռնության վերաբերյալ. «Այստեղ սենսացիոն ինչ-որ հայտարարություն չկա: Նախագահ Սարգսյանն արդեն 3 անգամ նման հավաք հրավիրել է։ Եթե չեմ սխալվում՝ մեկ անգամ եք դուք մասնակցել: Այսինքն՝ այդ նպատակը ՀՀ նախագահն ի սկզբանե դրել է իր առաջ, քննարկումներ եղել են համաժողովրդական, համազգային ցանկացած թեմաներով: Եթե պետք լինի նման հավաքների՝ նախագահն ինքը նորից կհրավիրի»։ Ստյոպա Սաֆարյանն առարկեց, թե այդ խորհրդակցությունները տարբերվում են իրենց առաջարկից. «Այնտեղ հրավիրվում են 50-60 քաղաքական ուժեր, որոնց տրվում է 5 րոպե ժամանակ, եւ ընդամենը հայտնում են իրենց դիրքորոշումները»: Կարեն Ավագյանը հեգնեց. «Հիմա առանձին-առանձի՞ն եք կանչելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել