ԼՂՀ-ում քրեական գործ է հարուցվել «ՀՀ հոգեւոր մշակութային վերածնունդ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանի նկատմամբ: NEWS.am-ը տեղեկանալով ԼՂՀ գլխավոր դատախազության կայքէջից՝ պարզել է, որ Ա. Նիկողոսյանը եկեղեցիների շինության աշխատանքների համար շինանյութ հայթայթելու եւ ԼՂՀ տեղափոխելու մասին համաձայնություն ձեռք բերելով Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ՝ թեմի կողմից ապառիկ ստացած 49.484.880 դրամի դիմաց 2007թ. սեպտեմբերից մինչեւ 2008թ. դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մատակարարել է ընդամենը 41.898.760 դրամի շինանյութ՝ յուրացնելով մնացած մոտ 7,6 միլիոն դրամը: Նշված փաստի առթիվ ԼՂՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն, կազմակերպված, սեփականության եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնում հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն իրականացնելու համար քրեական գործն ուղարկվել է ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն: