Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են վարչապետի հրաժարականը

Ապրիլ 01,2010 00:00

«Մենք գտնում ենք, որ փոփոխություններ պետք է նախաձեռնել ներհայաստանյան կյանքում, այնպես, ինչպես պաշտոնական Երեւանը նախաձեռնեց արտաքին քաղաքականության նորացված կուրսը: Հայաստանի ներքին քաղաքական ոլորտն այսօր ունի նույն նախաձեռնողական քաղաքականության խնդիր՝ փոփոխությունների առումով»,- երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը: Հակառակ դեպքում, ներքին փոփոխությունները բանախոսը պայմանավորում է արտաքին զարգացումներով եւ մտավախություն հայտնեց, որ դրանք Հայաստանի համար ոչ բոլոր դեպքերում կլինեն ցանկալի եւ ընդունելի:
Տ. Ուրիխանյանը «փոփոխությունների դրդապատճառ» է համարում նաեւ ստեղծված տնտեսական իրավիճակը եւ առկա սոցիալական լարումը. «Մենք կողջունեինք, եթե մոտակա  20-25 օրերի ընթացքում կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, հրաժարական ներկայացներ: Մենք կարծում ենք, որ ՀՀ-ում կգտնվի մարդ, ով տնտեսական այնպիսի քաղաքականություն կիրականացնի, որպեսզի երկրի շուկայի արտահանման հնարավորությունները վերջնականապես չփակվեն»: Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձին էլ՝ ասաց. «Այո, Ռոբերտ Քոչարյանն ունի հնարավորություններ՝ նպաստելու դժվարին կացությունից դուրս գալու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել