Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՇԱՏԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Ապրիլ 01,2010 00:00

\"\"ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2009 թվականի զեկույցի համաձայն՝ ավելացել է ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքների թիվը:

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (CPT) 2008թ. զեկույցում կոչ կար ՀՀ իշխանություններին՝ խստորեն պատժել մարտի 1-ին ձերբակալվածների նկատմամբ ոստիկանությունում քննության ընթացքում բռնություն կիրառածներին: Սակայն կառավարությունը՝ ի դեմս դատախազության, պատասխանել էր. «Քննությամբ պարզվել է, որ կալանավորված անձինք արձանագրված վնասվածքները ստացել են զանգվածային անկարգություններին մասնակցելու հետեւանքով եւ ընթացքում: Նախաքննության ընթացքում քննությանը խորթ, արժանապատվությունը նվաստացնող մեթոդներ չեն կիրառվել»: Գրեթե նույն կերպ էր արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը վերջերս արձագանքել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցին Հայաստանում դատավարությունների դիտարկման մասին, թե քննության փուլում բռնություններ կիրառելու վերաբերյալ հայտարարությունների «մեծաքանակ լինելը դատաքննության փուլում թերեւս հետապնդել է զանգվածային բռնությունների մասին պատրանք ստեղծելու միտում»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը խոշտանգումների վերաբերյալ նման արձագանքների առնչությամբ «Առավոտին» ասաց. «Դե, դա մեզ համար նոր երեւույթ չէ: Եվ Հայաստանում դեռ որեւէ դեպք չի եղել, որ խոշտանգման համար պատասխանատվություն կրեն: Խոշտանգումների մի քանի դեպքեր էլ մենք ենք արձանագրել»: Դրանց մասին հիշատակումներ կան երեկ հրապարակված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2009 թվականի տարեկան 177 էջանոց զեկույցում: Սակայն մինչ դրանից մի քանի մեջբերումներ անելը՝ եւս մի փաստ փորձեցինք ճշտել CPT-ի զեկույցի վերաբերյալ: Այստեղ արձանագրված էր, որ 2008-ի մարտի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներն այցելել էին այն ոստիկանական բաժիններն ու քրեակատարողական հիմնարկները, որտեղ պահվում էին հետընտրական իրադարձությունների առնչությամբ ազատազրկված անձինք, եւ սկզբում չէր թույլատրվել զրուցել նրանց հետ: Ոստիկանությունն այս կապակցությամբ CPT-ին պնդել էր, թե «խոչընդոտելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել», իսկ դատախազությունը հաստատել, որ թույլ չի տրվել տեսակցություն ունենալ. «Նրանք նախաքննական մարմնից նախապես չեն ստացել տեսակցելու համաձայնություն»: Արմեն Հարությունյանն ասաց. «Այս իրարամերժ հակափաստարկներն արդեն ցույց են տալիս, թե որքանով է ներդաշնակ աշխատում ինստիտուցիոնալ համակարգը: Դատախազության պատասխանն էլ նույնն է, ինչ այն ժամանակ մեզ էին ասել: Ու սա ցույց է տալիս, որ ցավոք՝ այդպես էլ չհասկացան՝ օմբուդսմենի ինստիտուտն ինչ է: Կյանքն առաջ է գնում, բայց նրանց մոտեցումները դեռ մնացել են հնում: ՄԻՊ-ը նախապես թույլտվություն խնդրելու կարիք չունի»: Նաեւ նշեց, որ այժմ այլեւս ՔԿՀ-ներում չեն ունենում նման խնդիրներ:
Ըստ երեկ հրապարակված զեկույցի՝ ՄԻՊ-ի գրասենյակը 2009-ի ընթացքում առավել շատ դիմում-բողոքները ստացել է ոստիկանության, դատարանների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի ու ՀՀ արդարադատության նախարարության դեմ:
Մասնավորապես նշված է. «Բազմաթիվ են եղել քաղաքացիների կամ նրանց շահերը ներկայացնող փաստաբանների կողմից բողոքներն այն մասին, որ ՀՀ ոստիկանության տարբեր բաժինների աշխատակիցների կողմից գիշերային ժամերին անձինք տարվում եւ ապօրինի պահվում են բաժիններում, արգելվում է փաստաբանների հանդիպումն իրենց պաշտպանյալների հետ: Բոլոր այս դեպքերում ՀՀ ոստիկանության աշխատակիցները Պաշտպանի աշխատակազմի աշխատակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել են, որ քաղաքացիների հայտնած այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, սակայն այնուհետեւ նույն քաղաքացիները զանգահարել ու հայտնել են, որ ոստիկանության աշխատակցի եւ ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակցի հեռախոսազրույցից հետո վերականգնվել են իրենց խախտված իրավունքները»:
ՀՀ ոստիկանության վերաբերյալ ենթաբաժնում նշված է, որ 2008-ի համեմատ՝ այս համակարգի դեմ 2009-ին դիմում-բողոքների թվի զգալի աճ է նկատվել, որոնք վերաբերվել են «ոստիկանության աշխատակիցների կողմից դրսեւորված անմարդկային վերաբերմունքին ու խոշտանգումներին, հանցագործությունների մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չտալուն, որպես մեղադրյալ ներգրավված անձանցից բռնությամբ եւ սպառնալիքի ազդեցությամբ ցուցմունքներ կորզելուն» եւ այլն: Արմեն Հարությունյանը նշել է. «Մտահոգիչ է, որ հաշվետու տարում ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների վերաբերյալ դիմում-բողոքների թիվն ավելացել է, իսկ քաղաքացիների դժգոհություններն էլ ավելի են խորացել, քանի որ նշված մարմինների գործունեության նկատմամբ հսկողությունը ոչ պատշաճ է իրականացվում»:
Զեկույցում հիշատակված է, որ «քաղաքացիների ներկայացրած փաստերը` ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ բռնությունների եւ խոշտանգումների դրսեւորման վերաբերյալ, ՀՀ ոստիկանությունը մշտապես համարում է իրականությանը չհամապատասխանող եւ անհիմն, իսկ այդ կապակցությամբ Պաշտպանի կատարած հարցումներին ներկայացնում է հետեւյալ բովանդակությամբ պատասխաններ. «ՀՀ ոստիկանության շտաբի կողմից կատարված ստուգմամբ պարզվել է, որ գրությունում նշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում»:
Հատուկ քննչական ծառայության վերաբերյալ ենթաբաժնում նշված է, թե այդ մարմնի «գործունեությունը (անգործությունը) մեր կողմից հիմնականում դիտարկվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից անձանց բերման ենթարկելու ընթացքում, ինչպես նաեւ ոստիկանության բաժիններում ծեծի եւ խոշտանգման դեպքերի վերաբերյալ դիմում-բողոքների ուսումնասիրության կապակցությամբ: Այդ առթիվ Պաշտպանի կատարած բոլոր հարցումներին ի պատասխան՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ներկայացրել է հետեւյալ պատասխանը. «Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դիմումատուի պնդումներն այն մասին, որ ոստիկանության աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, հիմքից զուրկ են, չեն համապատասխանում իրականությանը եւ քրեական պատասխանատվությունից ազատվելու նպատակ են հետապնդում»: Ավելին, հատուկ քննչական ծառայությունը բավարարվել է միայն ոստիկանության աշխատակիցներից բացատրություններ վերցնելով առ այն, որ մեր նշած փաստերը իրականությանը չեն համապատասխանում»:
Ի դեպ, զեկույցում մի ուշագրավ փաստ էլ կա. «2009 թ. հաճախակիացել են նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցների՝ իբր ապօրինի գործողությունների վերաբերյալ քաղաքացիների կողմից Պաշտպանի աշխատակազմին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հաղորդելու դեպքերը»:

Հ. Գ. Երեկ հրապարակված զեկույցում որպես տխուր իրողություն՝ արձանագրված է. «Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցները մեծ հաշվով միշտ չէ, որ ծառայում են իրենց նպատակին, այն առումով, որ զեկույցներում արծարծված հարցերը չեն ստանում իրենց լուծումները, վատ վարչարարություն իրականացնող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները թույլ տված սխալները հետագայում չեն բացառում, մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել