Լրահոս
Օրվա լրահոսը

«Է՞ՇԸ ԿՍԱՏԿԻ, ԹԵ՞ ԻՇԱՏԵՐԸ»

Ապրիլ 01,2010 00:00

\"\"«Ժառանգության» առաջարկից ՀՀՇ-ում ոգեւորված չեն, ավելին՝ հակընդդեմ կոչ են հնչեցնում

«Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալու նախապայմանը եղել է Լեռնային Ղարաբաղը բանակցային պրոցեսից հանելու գործը»,- ի հեճուկս ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակի օրերս տարածած ԼՂՀ հարցի վերաբերյալ պարզաբանումներին՝ երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: «Այդ նախապայմանը եղել է կոնկրետ. եթե չեմ սխալվում, Ֆրանսիայում Ռոբերտ Քոչարյանի այցելության ժամանակ։ Երբ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ Հայաստան, տեղի ունեցավ իշխանափոխություն, դրանից հետո ԼՂ-ն, փաստորեն, դուրս մնաց բանակցային պրոցեսից: Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի անձնագրի բացակայության, առաջադրման իրավունքի բացակայության վերաբերյալ միջազգային հանրության ավելի տոլերանտ մոտեցումը հենց պայմանավորված էր նրանով, որ նա որոշակիորեն ծառայելու էր մի գործընթացի, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղը պետք է դուրս մնար բանակցային պրոցեսից»։ Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ԼՂՀ պաշտպանական բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նախորդ օրը մեղադրանք հնչեցրեց ՀՀ բոլոր իշխանությունների հասցեին՝ «փառահեղ հաղթանակը 16 տարիների ընթացքում մսխելու» համար. ընդունո՞ւմ է ՀՀՇ-ն մեղքի իր բաժինը՝ նախկին արտգործնախարար, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանը վրա բերեց. «Թող իր հարցը մսխողներին ուղղի, որոնցից մեկն էլ ինքն է»: Իսկ Արարատ Զուրաբյանը հիշեցրեց հանրահավաքներից մեկում Լեւոն Տեր-Պետրոսյանի արտահայտած այն տեսակետը, որ «այս մարդկանց» իշխանության բերելն ինքը համարում է սխալ, որն էլ պատճառ հանդիսացավ այս հաղթանակների մսխման գործընթացի. «Բնականաբար, այդքանով նաեւ ընդունում ենք մեր մեղքը»: Անդրադառնալով ԼՂՀ հարցի շուրջ վերջին հայտարարություններին՝ Ալեքսանդր Արզումանյանն արձանագրում է, որ տեղի է ունենում այն, ինչի մասին իրենք պարբերաբար ահազանգում են. «Այս իշխանությունը, ժողովրդական խոսքով ասած, իրենց ռետինե խողովակի տեղ դրած՝ սպասում են. կամ էշը կսատկի, կամ իշատերը: Պայմանավորվածություններն իրենց վրա վերցրել են, ստանձնել են պատասխանատվությունը, խոստումներ են տվել եւ աթոռ պահպանելու համար ամեն ինչի պատրաստ են գնալու: Հիմա եկել է խոստումները կատարելու ժամանակը, եւ կարծում եմ՝ որեւէ մեկը թույլ չի տալու, որ խուսանավեն եւ հրաժարվեն խոստումները կատարել: Այնպես որ, մոտակա մեկ-երկու ամիսների ընթացքում շատ բուռն զարգացումներ են սպասվում»: «Առավոտը» նախկին արտգործնախարարից հետաքրքրվեց՝ միջազգային փորձը թույլ տալի՞ս է  հրաժարվել նախկինում ստորագրած փաստաթղթերից: Խոսքը ԼՂՀ հարցին առնչվող մի շարք փաստաթղթերի մասին է, որի տակ վերջին 10-12 տարիների ընթացքում ստորագրել են ՀՀ իշխանությունները. «Ոչ լեգիտիմ իշխանության որեւէ ստանձնած պարտավորություն չի կարող ժողովրդի կամքին հակառակ իրականացվել: Կլինի Հայաստանում լեգիտիմ իշխանություն՝ լուծումներ տալու ձեւը կգտնի»:
Բանախոսներն անդրադարձան նաեւ ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին եւ ՕԵԿ-ին ուղղված կլոր սեղանի ձեւաչափով քաղաքական ոչ ֆորմալ կենտրոն ձեւավորելու «Ժառանգության» կոչին: Քանի որ ՀԱԿ-ին պաշտոնական առաջարկ դեռեւս չէր փոխանցվել, եւ, բնականաբար, չէր քննարկվել, հնչեցին անձնական տեսակետներ: ՀՀՇ վարչության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն, օրինակ, գտնում է, որ քաղաքականության մեջ վիրտուալ առաջարկություններ չարժե անել. «Քաղաքական կուսակցությունները եւ քաղաքական ուժերը զբաղվում են քաղաքական պրոցեսներով, իսկ զուտ քաղաքագիտական ժողովներ հրավիրելով, կարծում եմ, գիտնականները պետք է ընդհանրապես զբաղվեն: Իսկ պետք է համախմբվեն այն քաղաքական ուժերը, որոնք միասին քաղաքական խնդիր կարող են լուծել: Մասնավորաբար,  շատ դժվար է պատկերացնել, որ իրենց առաջարկած այդ ցանկի մեջ շատ կուսակցություններ միեւնույն խնդրի շուրջ նույն մոտեցումներն ունենան։ Տասնյակ կետեր կարող ենք նշել, որ երեք կուսակցություններ նույն կերպ չեն մոտենում այդ խնդրին։ Այսինքն՝ ի սկզբանե պարզ է, որ դաո… ներողություն, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց դա զուտ PR-ի համար է արվում, այլ ոչ թե գործնական նպատակով… մոտ ժամանակներս անտեսանելի են նման զարգացումները։ Երեք խնձոր երկու արկղի մեջ հնարավոր չի այնպես տեղավորել, որ մեկում գոնե երկու հատ չլինի»։ Արարատ Զուրաբյանն էլ նախեւառաջ ցանկանում է լսել առաջարկ անողների պարզաբանումները հետեւյալ հարցերի վերաբերյալ՝ ինչպե՞ս է ծնվել այդ առաջարկությունը, ի՞նչ նպատակ է հետապնդում, ի՞նչ ճանապարհներ են տեսնում, որպեսզի իրենց պատկերացրած գործընթացը տեղի ունենա եւ ի՞նչ կարող է դա տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել