Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ ծերացման արտաքին դրսեւորումներն առաջին հերթին պայմանավորված են ոչ թե մաշկի եւ դեմքի նուրբ հյուսվածքների տոնուսի իջեցմամբ, որոնք հեռացվում են ժամանակակից վիրահատական միջոցներով, այլ դիմային ոսկորների ձեւի, մասնավորապես՝ ներքեւի ծնոտի փոփոխություններով:
Ռոչեստերի համալսարանի պլաստիկ վիրաբույժը հետազոտել է տարբեր տարիքային խմբերի պատկանող 120 մարդու դեմք: Հետազոտության համար ընտրվել է կանանց եւ տղամարդկանց 20-ական նկար երեք տարիքային խմբից՝ 20-36, 41-64 եւ 64-ից բարձր: Համակարգչային ծրագրի օգնությամբ գիտնականները յուրաքանչյուր նկարի վրա չափել են ներքեւի ծնոտի անկյունը, երկարությունը, լայնությունը եւ համեմատել տարբեր խմբերի արդյունքները:
Տվյալների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տարիքի հետ էապես ավելանում է ներքեւի ծնոտի անկյան ցուցանիշը, ինչի պատճառով էլ դեմքի ներքեւի սահմանների ուրվագիծը կորչում է: Բացի այդ, փոքր տարիքային խմբի ներկայացուցիչների մոտ ծնոտի երկարությունն ավելի մեծ է, քան միջին եւ մեծ տարիքային խմբերում: Ծնոտի բարձրությունը միջին եւ մեծ տարիքում ավելի քիչ է փոփոխվել: Ինչպես մեկնաբանեց պլաստիկ եւ վերակառուցողական վիրաբուժության ծառայության ղեկավար Հովարդ Լանգստեյնը, քանի որ ներքեւի ծնոտը հանդիսանում է դեմքի հիմնական բաղկացուցիչ մասը, դրա ցանկացած փոփոխություն ազդում է մարդու ընդհանուր արտաքին տեսքի վրա: Լանգստեյնի խոսքերով, տարիքի հետ այդ ոսկրի ծավալի նվազումը հանգեցնում է դրա վրայի փափուկ հյուսվածքների կախվածությանը: Արտաքինից դա դրսեւորվում է նրանով, որ դեմքը ձեռք է բերում ավելի նուրբ օվալային ուրվագիծ, նվազում է այտերի, պարանոցի մաշկի տոնուսը, որի արդյունքում էլ դիմագծերը բնորոշ տեսք են ստանում: Ստացված արդյունքները ճանապարհ են բացում առավել արդյունավետ պլաստիկ վիրահատությունների մշակման համար, որոնք, մինչեւ նուրբ մաշկը ձգելը, կներառեն ներքեւի ծնոտի ձեւի շտկում: