Կամ՝ լավատեսության սինդրոմ
Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի «Մեր հին դաշնամուրը» պիեսի բեմադրության երեւանյան պրեմիերան: Ներկայացման առաջնախաղը կայացել է փետրվարի 20-ին՝ Գյումրիում. 2 գործողությամբ տրագիկոմեդիան բեմադրել է տեղի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, բեմադրությունը Ռաֆայել Գրիգորյանինն էր:
Գլխավոր դերակատար Միքայելին մարմնավորում էր Ռաֆայել Գրիգորյանը, Ռուզանին՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Հարությունյանը, մյուս դերերում հանդես էին գալիս Սուսաննա Բաղդասարյանը, Խաչիկ Բադալյանը, Նառա Սանթոյանը, Գեւորգ Խաչատրյանը եւ այլք: Պիեսը, որի համար Դ. Մուրադյանը օրերս ԹԳՄ «Արտավազդ» մրցանակի է արժանացել, մեզանում անընդհատ խոսվող, ինչ-որ տեղ նաեւ ծեծված թեմայի մասին է. 90-ականների ծանր կյանք, երկրում դժվարին իրավիճակ է, հուսահատություն: Ներկայացման գլխավոր հերոս Միքայելը որոշում է թողնել ամեն ինչ ու մեկնել Ամերիկա՝ դստեր մոտ: Նա քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանը վաճառելու հայտարարություն է թողնում, վաճառվում է տան ամեն ինչը, սկսած 200 դրամանոց Սեւակի, Տերյանի եւ այլոց գրքերից՝ մինչեւ տան միակ ջահը, որը Միքայելը ոչ թե վաճառում, այլ նվիրում է երեխայի սպասող զույգին: Մնում է միայն 1953 թվականից բնակարանում գտնվող հին դաշնամուրը, որովհետեւ այն փորձում են գնել ոչ թե որպես գեղարվեստական իր, այլ՝ ռեստորանային դեկորացիա: Դաշնամուրը ցանկանում է գնել գործարար դարձած բալետի նախկին պարուհին եւ դաշնամուր լարող նախկին երգահանը: Պիեսի հետագա գործողությունները հյուսվում են տանը մնացած այդ դաշնամուրի հետ, որը կարծես բնորոշում է հայրենիքի հետ կապը, հերոսին այցելում են մանկության հիշողությունները՝ դաշնամուրի պարապմունքներ, հայրենիքի համար կյանքը զոհած մտերիմ ընկերոջ ներկայություն եւ այլն: Միքայելը չի հուսահատվում, փորձում է հաղթահարել դժվարությունները: Ներկայացման գերխնդիրը դիտողին լավատեսություն փոխանցելն է. «Մեր մեջ կա հայրենիքն ու մարդկանց երջանիկ տեսնելու հասարակ ցանկություն… քանի դեռ չի վաճառվել հին դաշնամուրը»: Փաստենք, որ ներկայացումը մի փոքր ձգձգված էր, իսկ առաջին գործողության մեջ անընդհատ շեշտվող դաշնամուրը մի տեսակ ձանձրույթ էր պատճառում:
Պետպատվերով բեմադրված ներկայացումը դիտելու էին եկել վարչապետ Տիգրան Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ այլք: Դահլիճում էր նաեւ ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը: Դերասանուհին ասաց, որ պիեսը կարդացել է, իսկ բեմադրության մեջ արված որոշակի փոփոխությունները դերասանուհուն դուր էին եկել:
Հ. Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն Երվանդ Ղազանչյանը դիմելով վարչապետին ու մշակույթի նախարարին՝ ասաց, որ ցանկալի կլիներ դահլիճում տեսնել նաեւ ՀՀ մարզպետներին, մասնավորապես Շիրակի մարզպետին, այնուհետեւ հավելեց. «Մանավանդ հետաքրքիր է՝ վերջին անգամ ե՞րբ են իրենք թատրոնին օգնել»: