Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ «ԶԱՊ» ՈՏՔԵՐՈՎ ՀԱՐԹԱԹԱԹ ՍԵՐՈՒՆԴ

Մարտ 31,2010 00:00

Որոշ բիզնեսմենների կողմից շուկայում լցված կոշկեղենի «շնորհիվ» հնարավոր է մեր երեխաներն ունենան հոդերի կառուցվածքի հետ կապված լուրջ խնդիրներ:

Եթե հայ ազգի երեխաների մի զգալի մասը դառնա հարթաթաթ, ծուռթաթ կամ ավելի բարդ հիվանդություններ ձեռք բերի, 15 տարեկանում սկսի քայլել 80 տարեկանի պես, կամ բալետի գնա, բայց ունենա ֆուտբոլիստի ծուռ ոտքեր՝ ոչ մի զարմանալի բան չի լինի: Մինչ օրս հայերն առանձնապես չէին փայլում գեղեցիկ, երկար եւ ուղիղ ոտքերով, հիմա առավել եւս՝ գեղեցիկ եւ առողջ ոտքերի հույս կարող ենք չունենալ:

Այսօր մեր կոշիկի շուկայում լցված աղբը, որը շատ ծնողներ ստիպված գնում են՝ ելնելով դրանց մատչելիությունից, պետական վերահսկողությունից դուրս է:

Առողջապահության նախարարի N732-Ն որոշման համաձայն, գոյություն ունեն մանկական կոշիկներին, դրանց պատրաստման համար օգտագործվող բնական եւ արհեստական հումքին ներկայացվող սանիտարական նորմեր ու կանոններ, ըստ որոնց, մանկական կոշիկները չեն կարող պատահական մարդիկ պատահական հումքով պատրաստել: Դրանք պետք է պատրաստված լինեն ծակոտկեն ռետինով, նաիրիտային սոսնձով, աստառի արհեստական մորթին պետք է խառնված լինի բամբակյա մանվածքի (100%) մազախավով, ձմեռային կոշիկի ճիտքի համար օգտագործվի բայկայով գործվածք եւ այլն: Այս պահանջների շարքը դեռ երկար կարող է ձգվել, մինչդեռ փաստն այն է, որ նախարարի հրամանի կետերից ոչ մեկը մեր երկրում նորմալ չի պահպանվում: Ամեն օր Հայաստան է ներմուծվում հսկայական քանակությամբ չինական, թուրքական եւ այլ երկրների արտադրության կոշկեղեն, ու ոչ մեկը սահմանի վրա չի ստուգում՝ մանկական կոշիկի տակացուն ի՞նչ կառուցվածք ունի, ինչի՞ց է պատրաստված, կաշին բնակա՞ն է, թե՞ արհեստական: Ներմուծողները կարող են ներկրել «սուպեր սոսնձով» պատրաստված, ամենաթունավոր նյութերով արտադրված կոշկեղեն ու անարգել վաճառել դրանք մեր երեխաներին: Եթե կոշիկի ներսի կամ արտաքին որոշ դետալների հետ կապված ծնողը կարող է ընտրություն կատարել եւ իր մանկան համար գնել բարձրորակը, ապա պատրաստման նյութերի, ներկերի հետ կապված բարդությունները բացարձակ անվերահսկելի են: Ծնողները չեն կարող խանութից կամ տոնավաճառից կոշիկը տանել փորձաքննության, ճշտել դրա «բաղադրությունը», նոր թույլ տալ, որ երեխան կրի այն, ուստի խնդիրը պետք է կարգավորվի արտադրման եւ ներմուծման տեղում՝ մաքսատանը կամ կոշկեղենի տեղական արտադրամասերում, ինչը չի արվում:

Ըստ հաստատված սանիտարական կանոնների՝ հատկապես պետք է ուշադրություն դարձնել մինչեւ 1 տարեկան եւ նախադպրոցական տարիքի երեխաների կոշիկներին, որովհետեւ այդ տարիքում երեխաների ոսկորները դեռ շատ փխրուն են եւ շուտ կարող են փոփոխությունների ենթարկվել, բացի այդ, մինչեւ 1 տարեկան երեխաները նոր-նոր են սկսում քայլել սովորել, իսկ այդ ժամանակ կոշիկի ճիշտ ընտրությունից է կախված երեխայի հետագա քայլվածքն ու առողջությունը:

Մինչդեռ այսօր նույնիսկ կենտրոնի շատ հայտնի խանութներում այնպիսի մանկական կոշիկներ են վաճառվում, որ դրանք կրելու դեպքում երեխայի ոտքերը ձմռան ցրտին քրտնախաշ են լինում, 15 րոպե կրելուց հետո գուլպաները քամվելու աստիճան թրջված են լինում՝ մեծացնելով երեխայի մրսելու եւ հիվանդանալու հավանականությունը: Դա նշանակում է, որ կոշիկի մեջ օգտագործված հումքը ճիշտ չի ընտրված եւ քրտնեցնող հատկություն ունի:

Բացի այդ, նախարարի հրամանով սահմանված է, որ ցանկացած տարիքի մանկական կոշիկների արտադրության մեջ ներկանյութերը չպետք է պարունակեն թույլատրելի նորմայից ավելի քիմիական նյութեր: Օրինակ, չի թույլատրվում բենզիդինի հիմքով կոշիկը ներկել: Սակայն խանութի ցուցափեղկերում տեսնելով շատ անուշ ու վառ, մանկական գույներով ուրախ կոշիկներ՝ ոչ ոք չի կարող վստահ լինել՝ դրանք բենզիդինի հիմքո՞վ են ներկված, թե՞ այլ ներկանյութերով: Թույլատրելի է, որ կապարի, պղնձի, նիկելի, սնդիկի պարունակությունը կոշիկի արտադրության մեջ օգտագործված ներկանյութերում լինի ոչ ավելի, քան 0.0003-0.001 տոկոս:

Նշենք, որ սանիտարական այս նորմերը սահմանվել են դեռեւս 2007-ից: Հրամանի տակ ստորագրել է նախկին նախարար Նորայր Դավիդյանը:

Ակնհայտ է, որ վերջին 3 տարում կոշիկի շուկայի աղբը մեր հանրապետությունից մաքրվելու փոխարեն ավելի է շատացել, ինչը վկայում է, որ նախարարի հրամանը մնացել է միայն թղթի վրա: Եթե որեւէ կոշիկ ներմուծողից փաստաթուղթ պահանջես, թե որքանով է իրենց տեսականին համապատասխանում սահմանված հիգիենիկ պահանջներին՝ պարզապես կծիծաղեն: Մեր երկրում, եթե հարցը բիզնեսին է վերաբերում ու ոմանց գրպանին՝ ցանկացած օրենք, հրաման ու կանոն «ջրվում» է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել