Օրերս Սինգապուրում աշխատանքն ավարտեց պատանեկան անդրանիկ ամառային օլիմպիական խաղերի մասնակից երկրների ազգային օլիմպիական կոմիտեների գերագույն կոմիսարների սեմինար-խորհրդակցությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Խաղերի գործադիր կոմիտեի նախագահ Մինանգը ներկաներին ծանոթացրել է խաղերի օրերին սահմանված կարգուկանոնին: Մասնավորապես, փողոցներում արգելվելու է ծխելը, շրջակա միջավայրն աղտոտելը, սնվելը: Փողոցներում բացառվելու են տրանսպորտային խցանումները, իսկ խաղերի մասնակիցները քաղաքային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունք են ունենալու:
Պարզվում է, որ պատանեկան օլիմպիական խաղերի կազմակերպիչները նոր մարզահամալիրներ չեն կառուցել, քանի որ, նրանց համոզմամբ, Սինգապուրն արդեն իսկ բավականաչափ մարզակառույցներ ունի, որի շնորհիվ արդեն իսկ պատրաստ է ընդունել հյուրերին: Ի դեպ, ՄՕԿ-ի նախագահ Ժակ Ռոգեն գոհունակություն է հայտնել Սինգապուրի պատրաստվածության աստիճանից:
Խորհրդակցության մասնակիցներին տեղեկացվել է նաեւ, որ օգոստոսի 14-ին նշանակված բացման արարողության տոմսերի գինը տատանվելու է $30-200-ի միջեւ: