Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

MMA-Ն ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Մարտ 31,2010 00:00

\"\"Կարատեիստ, սեւ գոտի 3-րդ դան, կասկադյոր Էրիկ Օհանյանը 2009 թվականին Հայաստանում հիմնադրեց MMA (Mixed Martial Arts) ֆեդերացիան եւ այդ մարտարվեստով զբաղվողների թիվը հանրապետությունում արդեն բավական մեծ է:

MMA ֆեդերացիայի դռները բաց են վեց տարեկանը լրացած տղաների եւ աղջիկների առջեւ: Էրիկ Օհանյանն այժմ աշխատում է Հայաստանում մեծահասակների պրոֆեսիոնալ լիգայի զարգացման ուղղությամբ:

– Ի՞նչ է ներկայացնում MMA-ն:

– Դա ամերիկյան խառը մարտարվեստ է, որը ներառում է մի քանի ճյուղ՝ ինքնապաշտպանություն, հոգեբանություն, կարատե, կասկադյորական հնարքներ, լող, կապոեիրա (մենամարտի եւ պարի համադրություն), որը մեզանում նոր է արմատավորվում, ինչպես նաեւ զարգացնում է ճկունություն, արագություն, ֆիզիկական ուժ: MMA-ի մեջ մտնում են նաեւ պատանեկան եւ պրոֆեսիոնալ մենամարտեր:

– Մրցումներ հաճա՞խ են կազմակերպվում: Հաջողություններ կա՞ն:

– Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ, ընկերական հանդիպումներ: Վերջերս մեր ֆեդերացիայի 14 լավագույն մարզիկներ Դիլիջանում մասնակցեցին կազմակերպված մենամարտերին, որտեղ հավաքվել էին կարատեի տարբեր ոճեր ներկայացնող մարզիկներ: Եվ բոլորն էլ մրցանակակիր դարձան. յոթը՝ առաջին, երեքը՝ երկրորդ, չորսը՝ երրորդ: Մեծահասակների պրոֆեսիոնալ լիգայի զարգացման համար յուրաքանչյուր շաբաթ մենամարտեր ենք կազմակերպում, որոնք հետո ցուցադրում ենք հեռուստատեսությամբ:

– MMA-ում դաժանությունը չափից շատ է թվում եւ, ի տարբերություն անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտի, մրցավարը քիչ է միջամտում մրցակիցների միջեւ ծեծուջարդին: Դա սպո՞րտ է: Եվ եթե այո, մարզիկների առողջությանը չի՞ սպառնում:

– Ճիշտ նկատեցիք՝ մարզիկների: Պրոֆեսիոնալ ռինգում մենամարտում են միայն նրանք, ովքեր համապատասխան մարզումներ են անցնում եւ պատրաստ են դրան: Նրանք պրոֆեսիոնալներ են: Բացի դա, մենամարտող ցանկացած մարզիկ գիտի, որ ապահովագրված չէ հնարավոր վնասվածքներից: Չէ՞ որ վնասվածքներ, անգամ ծանրագույն, լինում են բոլոր մարզաձեւերում: Այս առումով մեր մարտարվեստն առաջնային տեղեր չի զբաղեցնում:

– Ձեր երեխաներին կթողնեի՞ք այս մարտարվեստով զբաղվել:

– Ավագ որդիս եւ աղջիկս արդեն զբաղվում են: Երկրորդ որդիս դեռ փոքր է: Եթե նա էլ ցանկանա, չեմ արգելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել