Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանի երեւանյան ցուցահանդեսը՝ 14 տարի անց
Մշակույթը ետին պլանում է հայտնվել, իսկ նկարիչներն ու նկարչությունն առհասարակ պետական ուշադրությունից դուրս են: «Առավոտի» հետ զրույցում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը նաեւ նկատեց, որ վերջին շրջանում արվեստի բարձրարժեք գործերի փոխարեն «գնողունակ» հասարակությունը միայն դեկորներ է պահանջում՝ շքեղ առանձնատները կահավորելու համար. «Խոսքս իհարկե լուրջ կոլեկցիոներների մասին չէ, ովքեր, իսկապես, բարձրարժեք գործեր են նախընտրում, բայց մնացած բոլոր դեպքերում նկարը դարձել է միջավայրը գեղեցկացնելու միջոց եւ իրական նշանակությունն ու արժեքն է կորցրել»: Պարոն Շահումյանի խոսքով, պատճառները միայն առաջին հայացքից են հասկանալի. «Թվում է՝ մարդիկ տնտեսական լուրջ խնդիրներ ունեն, բայց ինտելիգենցիան միշտ էլ ֆինանսական խնդիրներ ունեցել է»:
Հ. Շահումյանը նաեւ արձանագրեց, որ նախկինում պետական ուշադրություն, հոգածություն կար նկարիչների հանդեպ, կար նաեւ մշակութային կյանքին մասնակցելու պետական մտածողություն, իսկ այսօր եթե թատրոնի կամ կինոյի մասին գոնե մտահոգություններ են ժամանակ առ ժամանակ հնչում, ապա նկարչության մասին մոռացել են: «Այսօր արվեստի նկատմամբ չկա լուրջ մոտեցում, ռաբիս երաժշտության մի երկրորդական արվեստագետի ավելի հաճախ են կոչումներ հանձնում, ինչը չի կարելի ասել մեր մասին, մենք հրաշալի նկարիչներ ունենք, որոնք ավելի քան 20 տարի մնացել են ուշադրությունից դուրս, որոնք բարձր արվեստ են ստեղծում ու համաշխարհային մշակույթի մեջ կարող են ինտեգրվել»,- ասաց գեղանկարիչը:
Պարոն Շահումյանի խոսքով, հաճախ պետական մակարդակով օգնելու փոխարեն՝ նկարիչներին նույնիսկ խանգարում են, հատկապես, երբ արվեստանոցը ընկալում են որպես արտադրական եկամտաբեր վայր: Բայց ֆինանսական դժվարություններից առավել, պարոն Շահումյանին մտահոգում է բարոյական վերաբերմունքը արվեստի ու մշակույթի հանդեպ. «Այսօր միայն երկրորդական խնդիրներն են լուսաբանում, մեկնաբանում, մինչդեռ կերպարվեստի խնդիրները, մասնագիտական մոտեցումները ներկայացնող հաղորդումներ չկան: Իհարկե, հեշտ է խոսել արդեն վաստակ ունեցող, կայացած արվեստագետի մասին, բայց երիտասարդ սերնդի, նրանց ստեղծագործական խնդիրների վերաբերյալ ոչինչ չի խոսվում, մի խոսքով, իրականության ճշմարիտ պատկերը ներկայացնում են միայն աղավաղված»: Պարոն Շահումյանը մտաբերեց խորհրդային տարիները եւ հավաստեց, որ այդ ժամանակ Հայաստանը կերպարվեստի իսկական օազիս էր. «Մանավանդ գեղանկարչության ասպարեզում, եւ մեր ցուցահանդեսները առանձնահատուկ էին դիտվում»: Հավելենք, որ այսօր Նկարիչների միությունում կբացվի գեղանկարչի 2-րդ անհատական ցուցահանդեսը: Երեւանում կազմակերպված նրա 1-ին անհատական ցուցահանդեսը 14 տարի առաջ էր: Ցուցահանդեսում պարոն Շահումյանը կներկայացնի 107 գունանկար, 7 քանդակային գործ: