Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄՖՈ-ՊՈՊՈՒԼՅԱՐԸ ՉԻ ՔԱՐՈԶՎՈՒՄ

Մարտ 31,2010 00:00

Այդ ժանրում ստեղծագործող կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանը դա պայմանավորում է կազմակերպչական խնդիրներով

\"\"

«Առավոտը» 2000թ. անդրադարձավ «Ա. Խաչատրյան» համերգասրահում կայացած սիմֆո-պոպուլյար երաժշտության համերգին, որի ընթացքում ներկայացվեցին կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի նշված ժանրի տեղծագործությունները՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, էթնիկ ու էլեկտրոնային գործիքների եւ SNG ստեպ խմբի (ղեկավար՝ Սարգիս Գալստյան) կատարմամբ (դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան): Թվում էր, թե Հայաստանում առաջին անգամ ներկայացված խորեոգրաֆիկ «մինի ներկայացումներով» համերգը, որն անցավ լեփլեցուն դահլիճում, կունենա շարունակություն, սակայն առայսօր դրա ականատեսը այդպես էլ չեղանք, մինչդեռ մշտապես խոսվում է երիտասարդներին սիմֆոնիկ երաժշտությանը հաղորդակից դարձնելու մասին:

ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների ու Կին կոմպոզիտորների միջազգային ասոցիացիայի անդամ, Երեւանի կոնսերվատորիայի դոցենտ Նարինե Զարիֆյանի հետ տարիներ անց հանդիպման առիթը նրա ստեղծագործական գործունեության 30-ամյակն է, եւ կոմպոզիտորի ավելի շատ հայտնի լինելը արտերկրում, քան մեզ մոտ: Մեր զրուցակիցն ասաց, որ իր ստեղծագործությունները հայրենիքում անուշադրության մատնված չեն, ճիշտ է՝ սակավ, բայց հնչում են, օրինակ, Կոմպոզիտորների միության կազմակերպած գարնանային եւ աշնանային համերգաշարերի եւ այլ միջոցառումների ընթացքում: 1990-ականների վերջերից էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի ճանաչված ստուդիաների կողմից, այդ թվում՝ Records, Sony DADC, SICNUM Records, TD URG 7BR UK, պարբերաբար հրատարակվում են կոմպոզիտորի CD-ները: Անդրադառնալով այն փաստին, որ ոչ թե քիչ, այլ մեզանում պարզապես անտեսված է սիմֆո-պոպուլյար ժանրը, Ն. Զարիֆյանը դա բացատրեց կազմակերպչական խնդիրներով: «Աշխատատար պրոցես է մի քանի կոլեկտիվներին ու մենակատարներին միատեղելը, ինչը պահանջում է տեւական փորձեր…»,- նշեց նա:

Գուցե ստեղծագործական հոբելյանի՞ն արվեստագետը կներկայանա իր նախընտրած սիմֆո-պոպուլյար համերգային մեծ ծրագրով: Կոմպոզիտորը չնշելով ժամկետներ, միայն հայտնեց, որ այն, ինչ կապված է ստեղծագործական գործունեության հետ, մինչ օրս իրականացրել է սեփական նախաձեռնությամբ ու անձնական կապերով. «Երբեւէ հովանավոր չեմ ունեցել, պատկերացնում եք՝ ինչ է ենթադրում ստեղծագործական երեկո կազմակերպելը: Իհարկե, ցանկությունս մեծ է, տարին էլ առջեւում է, իսկ միակ հույսս մշակույթի նախարարությունն է»: Ն. Զարիֆյանը հոբելյանական համերգ ունեցել է անցյալ տարի՝ Վոլգոգրադում, տեղի կամերային նվագախմբի եւ հայտնի կիթառահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Մատոխինի մասնակցությամբ: Վերջինս հայ կոմպոզիտորի ստեղծագործություններին ծանոթացել է «Կադանս» անսամբլի, մասնավորապես՝ ճանաչված կիթառահար Հակոբ Ջաղացպանյանի միջոցով: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հենց այս անսամբլն է, որ իր ստեղծագործությունները հնչեցրել է միջազգային փառատոներում, այդ թվում՝ 2008-ին Արգենտինայում կայացած Պյացոլային նվիրված, անցյալ տարի՝ հունական «Դիմիտրով» եւ այլն: Կոմպոզիտորը ցույց տվեց վերջերս հրատարակված «Վոկալիզ» ստեղծագործությունը՝ ձայնի, դաշնամուրի եւ կամերային նվագախմբի համար: Հայտնեց նաեւ, որ այդ գործը նվիրել է ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանին՝ «կյանքի կոչելով» վերջերս ընդունված որոշումը՝ մերձեցնել ուժային համակարգի աշխատողներին մշակույթի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել