Թուրքիայի լիարժեք անդամակցությունը Եվրամիությանը նպատակահարմար չէ, սակայն անդամակցության բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Անկարա կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: News.am-ի մատուցմամբ, ԵՄ մուտք գործելու գործընթացը արագացնելու համար, Մերկելի խոսքով՝ Անկարան Կիպրոսի հունական հատվածի համար պետք է բացի իր նավահանգիստները եւ օդանավակայանները։ Մերկելը նշել է նաեւ, որ Թուրքիան չպետք է բացասաբար ընկալի ԵՄ լիարժեք անդամակցության փոխարեն «արտոնյալ անդամակցության» առաջարկը։
«Մենք շարունակում ենք բանակցությունները։ Սակայն անհրաժեշտ է, որ Թուրքիան վավերացնի եւ իրագործի Անկարայի արձանագրության կետերը, որով էլ պետք է լուծի Կիպրոսի հարցը»,- ընդգծել է Մերկելը։
BBC-ին իր հերթին հիշեցնում է, որ այդ առաջարկը Թուրքիան մերժել է դեռ 2005թ.-ին՝ համարելով այն «վիրավորական»: Մերկելի եւ Էրդողանի հանդիպման ժամանակ տարաձայնություններ են ի հայտ եկել նաեւ Իրանի հարցի եւ Գերմանիայում թուրք երեխաների համար թուրքերեն լեզվով ուսուցանվող քոլեջի բացման՝ թուրքական նախաձեռնության շուրջ:
Մասնավորապես, Իրանի վերաբերյալ Մերկելը փորձել է հասնել այն բանին, որ Անկարան պաշտպանի Թեհրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառումը, բայց Էրդողանը դրանք որակել է որպես «հակաարդյունավետ եւ երեսպաշտություն»: Թուրքիան վերջին շրջանում ամրապնդել է իր հարաբերությունները Իրանի հետ եւ հանդես է գալիս այդ երկրի դեմ կոշտ պատժամիջոցներ կիրառելու դեմ: «Մենք մնում ենք այդ տեսակետին, որ պատժամիջոցը առողջ ճանապարհ չէ, եւ լավագույն ելքը դիվանագիտությունն է»,- համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Էրդողանը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Գերմանիան Թուրքիայի ամենախոշոր գործընկերն է, թուրքական տնտեսության մեջ ամենամեծ ներդրումներ անող եւ զբոսաշրջությունից եկամուտներ ապահովող երկիրն է: Գերմանիայում ապրում է մոտ երեք միլիոն թուրք: