Օրերս ԿԳ նախարար Ա. Աշոտյանը աշխատանքային այցով գտնվում էր Արագածոտնի մարզում, տեղեկանում ենք edu.am-ից: Նա փաստել է, որ այստեղ շատ են թերկոմպլեկտավորված դպրոցները, ինչը ազդում է աշակերտ-ուսուցիչ հարաբերակցության վրա, որը հանրապետությունում ամենացածրն է այս տեսակետից՝ 7/1 հարաբերակցությամբ: Ի դեպ, դրա հետեւանքով լուրջ խնդիրներ են առաջացել՝ դպրոցների ֆինանսավորման հետ կապված: «Ներկայումս մշակվում է 2011-2013 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը, ուր հաշվի է առնվել նաեւ Արագածոտնի մարզպետարանի հայտը: Նախարարությունն ուրվագծել է մոտակա տարիների քաղաքականության հիմնական մոտեցումները, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է այն առաջարկին, որ լեռնային, բարձրլեռնային համայնքների դպրոցները եւ համայնքում միակը համարվող եւ մինչեւ 400 աշակերտ ունեցող դպրոցները պետք է ֆինանսավորվեն ավելի բարձր գործակցով: 2012-2013թթ.-ից փորձ կարվի կրկնապատկել այսօրվա գործակիցները՝ սահմանելով հավելյալ վարձատրության ավելի մեծ հնարավորություններ այդ դպրոցների համար»,- նշել է Ա. Աշոտյանը՝ հորդորելով զերծ մնալ ուսուցիչների հնարավոր կրճատումներից: Նա առաջարկել է խնդիրը հարթել՝ եղած դասաժամերը բաժանելով ուսուցիչների միջեւ: Ա. Աշոտյանն ասել է նաեւ, որ 2012 թվականին հանրապետության հանրակրթական դպրոցներում արդեն կունենանք լիարժեք 12 դասարան, որն էլ կավելացնի աշակերտների թիվը եւս 30 հազարով եւ թույլ կտա խուսափել ուսուցիչների հնարավոր կրճատումներից: Մարզի մյուս առանձնահատկությունը ՀՀ-ում ամենախոշոր փոքրամասնության՝ շուրջ 20 եզդիաբնակ գյուղերում գործող դպրոցներն են ու դրանց խնդիրները: Անդրադարձ է եղել նաեւ կրթության պետական տեսչության ուսումնասիրություններին, դպրոցներում նախկինում կատարված կամայականություններին: Նախարարն ասել է, որ դպրոցների տնօրենների ընտրության նոր մեխանիզմ է ներդրվելու, եւ հավանաբար ապրիլ-մայիս ամիսներին կսկսվի հավաստագրման առաջին գործընթացը: «Այս մեխանիզմը ներդրվել է «լավ» եւ «վատ» տնօրեններին զանազանելու համար, թույլ չտալու, որ դպրոցներում աշխատեն մարդիկ, որոնք մանկավարժական, կազմակերպչական եւ այլ շնորհներ չունեն»,- ընդգծել է նախարարը: