Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետությունը եւ տալիս է, եւ պահանջում»

Մարտ 31,2010 00:00

Կամ՝ ինչու պետք չէ տագնապ հնչեցնել

Չնայած ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանի հարցազրույցի միայն վերջում է («Առավոտ», 20.03.2010 թ., «Պետությունը ոչ տալիս է, ոչ էլ պահանջում»), որպես ամփոփում, անվճար միջնակարգ կրթության մասին խոսելիս, նշված վերնագրի տեսքով դժգոհություն հայտնվում, բայց այդ միտքը կա ամբողջ հարցազրույցում: Մենք ճիշտ հակառակ կարծիքի ենք, որովհետեւ պետությունը եւ տալիս է, եւ պահանջում:

Պետությունը մասնավոր դպրոցներին ցուցաբերում է զանազան օգնություն՝ անշարժ գույքի անհատույց եւ վարձակալական հիմունքներով հատկացում, նվիրատվություններ, դրամաշնորհային ծրագրերի մասնակցություն, ազատում է ավելացված արժեքի հարկից եւ, ինչպես նախատեսված է «Հանրակրթության մասին» օրենքում՝ աշակերտների թվով ֆինանսավորում, որին մասնավոր դպրոցները սպասում են: Ուրեմն պետությունը տալիս է… Այժմ տեսնենք՝ պետությունը մասնավոր դպրոցներին արդյոք պահանջներ չի՞ նեկայացնում:

Դպրոցները լիցենզավորվելիս, ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորող ծառայությունը ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրում է չափորոշիչներով սահմանված պայմանների համապատասխանությունը, նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածությունը եւ այլն: Հենց այն հանգամանքը, որ ԳԹԿ-ի մասնագետներն իրենց կազմած թեստերի փորձարկումը իրականացրել են նաեւ «Օհանյան վարժարանում», խոսում է մասնավոր դպրոցի նկատմամբ պետության կողմից ներկայացվող այն պահանջների մասին, ինչպիսին առկա է պետականի պարագայում: Ուրեմն պետությունը պահանջում է… Ցավում եմ, որ ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը կրթական համակարգում եղած լուրջ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվելու փոխարեն՝ ընդամենը դրսեւորում է խորհրդային դպրոցի տնօրենի իներցիոն վարք: Դպրոցը եւ կրթական համակարգը որակական ու նոր փոփոխությունների կարիք ունեն: Առավել ցավալի է, երբ հանրապետության բոլոր ավագ դպրոցներին բնորոշ վիճակը դիտարկվել է որպես մասնավոր դպրոցի գնահատման ցուցանիշ եւ արվել է հեռուն գնացող հետեւություն: Դրա իրավունքը պատգամավորը չուներ: Այժմ անդրադառնանք հոդվածում տեղ գտած «սենսացիոն» փաստին: Տեղին չէ հետազոտական-մեթոդական եւ փորձնական նպատակներով դպրոցներում առաջին անգամ իրականացված գրավոր աշխատանքների արդյունքների օգտագործմամբ մասնավոր կրթական կառույցի մասին կարծիք կազմելը, երբ հանրահայտ է, որ այդ երեւույթը համընդհանուր է բոլոր դպրոցներում, պետք է դիտել որպես առիթ՝ անձնական հակակրանքը արտահայտելու համար:

Երկրորդ կիսամյակի սկզբում տարեկան ուսպլանով նախատեսված նյութերը չեն համապատասխանել դպրոցի կատարողական պլանին՝ այն էլ թույլերի տարբերակված խմբում: Դա եղել է մշտադիտարկման մեթոդական պահանջ: Պատգամավորին ոչ հաճելի տեղեկատվություն հաղորդենք. այդ նույն 14 աշակերտները միասնական քննական համակարգով ընդունվել են պետական բուհեր՝ ցուցաբերելով հետեւյալ միջին արդյունքները. հայոց լեզու եւ գրականությունը՝ 15,6 միավոր, անգլերենը՝ 17,2, իսկ մաթեմատիկան՝ 15,5 միավոր: Եթե պատգամավորի նպատակը եղել է գնահատել «Օհանյան» կրթահամալիրի ուսուցման մակարդակը, ապա թող բարի լիներ ներկայացնել մյուս դասարաններում արձանագրված փայլուն արդյունքները: Ինչ վերաբերում է նրա այն մտքին, թե մասնավոր դպրոցները «զբաղվում են ցածրորակ բիզնեսով…» հարցին, նկատենք, որ շատ լավ կլիներ, որ որակյալ կրթությունը ուղեկցվեր բիզնեսով եւ պետք չէ տագնապ հնչեցնել… դրանից կշահեր նաեւ մեր պետությունը:

ՍՈՒՐԵՆ ՕՀԱՆՅԱՆ

«Օհանյան» կրթահամալիրի հիմնադիր, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել