Լրահոս
Օրվա լրահոսը

Ներողություն խնդրեք

Մարտ 31,2010 00:00

Երեկ «Առավոտը» ստացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գյոզալյանի նամակը՝ ուղղված ՀՀ Արդարադատության խորհրդին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահին: Փաստաբանը նախընտրել է իր նամակը կոչել «Դիմում, առաջարկ, հորդորանք (Օրենքի առջեւ բոլորի հավասարության վերաբերյալ կամ օրինականության քարոզում)»: Դիմումում, մասնավորապես գրված է. «Ուսումնասիրելով 17.03.2010թ.-ի ՀՀ պաշտոնական տեղեկագրի թիվ 11 (745) համարը՝ ինձ համար անսպասելիորեն պարզեցի, որ ՀՀ արդարադատության խորհուրդը (այսուհետ ԱԽ) 2010թ.-ի փետրվարի 19-ին, քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Յու. Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, կայացրել է այնպիսի որոշում, որն, ըստ իս, իր մեջ արտացոլում է ՀՀ-ում ձեւավորված արատավոր պրակտիկան՝ օրենքի խտրական կիրառման մասով: Այն, մասնավորապես, դրսեւորվում է ակնհայտ երկակի չափանիշներ կիրառելու մեջ, որն էլ իր հերթին ստեղծում է անձեռնմխելիների եւ խոցելիների խմբեր:

Լինելով փաստաբան, որի գործառույթներից մեկն էլ, ի թիվս այլի, նաեւ օրինականություն քարոզելն է, բնավ չստանձնելով դատավոր Յու. Բաղդասարյանի շահերի պաշտպանությունը, ավելին՝ համամիտ լինելով ԱԽ-ի որոշման եզրափակիչ մասի հետ, այնուամենայնիվ, առաջնորդվելով ՀՀ սահմանադրության 27.1 հոդվածով, ըստ որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետներում պատշաճ պատասխան ստանալու իրավունք», ներկայացնում եմ սույն դիմում-առաջարկ-հորդորանքը հետեւյալի մասին:

ԱԽ-ն իր վերը նշված որոշման 5-րդ մասում, պարզելով, որ դատավորը կիրառել է ուժը կորցրած օրենք, արտահայտել է հետեւյալ իրավական դիրքորոշումը. «Նշված հոդվածից հետեւում է, որ իրավաբանական ուժ չունեցող ակտի կիրառումը ոչ միայն արգելվում է, այլեւ հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության: ՀՀ դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ ենթակետի համաձայն՝ Գործը քննելիս եւ լուծելիս դատավորը պարտավոր է ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն»:

Այս առումով ուղղակի անկարելի է չհիշել ոչ վաղ անցյալում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից հակասահմանադրական եւ ուժը կորցրած օրենքի կիրառման գործը, որը հասավ մինչեւ Սահմանադրական դատարան: Հիշեցման համար նշեմ, որ ՍԴ-ն իր թիվ ՍԴՈ 866 որոշման 3-րդ կետում նշել էր՝ «ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ-ի որոշումները վերջնական են: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՍԴ-ի որոշումները դրանց ընդունման օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, առաքվում են դատավարության կողմերին, պետական իշխանության համապատասխան մարմիններին, այդ թվում՝ ՀՀ ԱԺ եւ ՀՀ վճռաբեկ դատարան, հրատարակվում են ՀՀ պաշտոնական տեղեկագրում եւ ՍԴ-ի տեղեկագրում: Իսկ նույն օրենքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի եւ 66-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ-ի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց համար»: Նշված մեջբերումից երեւում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, իր ձեռքում ունենալով ՀՀ ՍԴ-ի որոշումը, որով հակասահմանադրական էր ճանաչվել օրենքը, այնուամենայնիվ, կիրառել է այն՝ «չապահովելով պատշաճ մասնագիտական պատրաստվածություն»: Տվյալ դեպքում մենք ունենք երկու միանման գործեր, որով մի դեպքում՝ դատավորը ուժը կորցրած օրենք կիրառելու համար ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, իսկ մյուս դեպքում՝ ոչ, քանի որ, ըստ ամենայնի, հանդիսացել են վճռաբեկ դատարանի դատավորներ, ավելին՝ նրանցից պարոն Աբելյանը ներկայումս հանդիսանում է ԱԽ անդամ եւ անմիջական մասնակցություն է ունեցել ուժը կորցրած օրենքը կիրառելու գործում:

ՀՀ դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ «Էթիկայի հանձնաժողովը դատավորի կողմից աշխատանքային կարգապահության կամ 3 վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով՝ իր իրավասության շրջանակում որեւէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով դատավորին: Եթե քննարկման արդյունքում հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն եւ չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է ԱԽ կարգապահական հանձնաժողովին»: Այս առումով, բնականաբար, թե՛ էթիկայի հանձնաժողովը եւ թե՛ կարգապահական հանձնաժողովը որեւէ խախտում չեն հայտնաբերել միանգամայն ինձ համար հասկանալի պատճառներով: Այսպիսով, նկատի ունենալով, որ ԱԽ անդամ, վճռաբեկ դատարանի դատավոր պարոն Վ. Աբելյանը վճռաբեկ դատարանի մյուս դատավորների հետ միասին ՀՀ անունից կիրառել է ուժը կորցրած օրենք, եւ դրա համար որեւէ մեկը որեւէ պատասխանատվության չի ենթարկվել, ուստի, ելնելով արդարադատությունը Հայաստանում տեսանելի, ընկալելի եւ հասկանալի դարձնելու սկզբունքներից, ինչպես նաեւ ԱԽ-ի եւ Վճռաբեկ դատարանի գործունեության նկատմամբ հասարակության վստահության բարձրացման օրհասական անհրաժեշտությունից, հավատալով նաեւ, որ կյանքում լինում են հրաշքներ, առաջարկում եւ հորդորում եմ. Պաշտոնապես ներողություն խնդրել բոլոր այն անձանցից, որոնց նկատմամբ կիրառվել է ուժը կորցրած օրենք, եւ այն տեղադրել ՀՀ վճռաբեկ դատարանի եւ արդարադատության նախարարության կայքէջերում: Հավատացնում եմ՝ այն կնպաստի Հայաստանում արդարադատության դերի բարձրացմանն ու օրինականության քարոզմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել