Լեհաստանի դեսպանատունը Սյունիքում ծրագրեր կիրականացնի
Մարտի 29-ին եւ 30-ին աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր ՀՀ-ում Լեհաստանի փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին: Այցի հիմնական նպատակը Սյունիքում այս տարի իրականացվելիք զարգացման ծրագրերի քննարկումն էր՝ տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ըստ փոխդեսպանի, 2010 թվականին Լեհաստանի դեսպանատունը Հայաստանում նախատեսում է իրականացնել զարգացման 12 ծրագիր, ընդհանուր՝ 30 հազար եվրո կամ մեկ միլիոն զլոտի արժեքով:
Մասնավորաբար՝ Շիկահող գյուղում կկառուցվի խմելու ջրագիծ, իսկ Վերին Խոտանանում՝ գյուղատնտեսության համար խիստ անհրաժեշտ գյուղտեխնիկայի հատկացման ծրագիր կիրականացվի: Փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին եղել է եւ Շիկահողում, եւ Վերին Խոտանանում: Իսկ մինչ այդ հանդիպել է Կապանի քաղաքապետին, փորձել ծանոթանալ համայնքի կարեւորագույն խնդիրներին, հնարավորության դեպքում նաեւ համայնքին օգտակար լինել:
«Հայաստանը մեզ համար շատ կարեւոր գործընկեր է, մենք այստեղ ծրագրեր ենք իրականացրել, հուսով եմ՝ դրանք շարունակական կլինի: Առաջին ծրագիրը, որ իրականացրել ենք, Սյունիքի մարզում էր՝ նորոգեցինք Կապանի թիվ 3 կրթօջախի բուժկետը: Նախատեսել էինք նաեւ Կապանի թիվ 1 մանկապարտեզի ջեռուցման համակարգի տեղադրման ու սանհանգույցների նորոգման ծրագիր իրականացնել, սակայն միջոցների սղության պատճառով ծրագիրը չիրագործվեց: Հուսով ենք, այս տարի կհաջողվի ֆինանսավորում ստանալ եւ կկարողանանք իրականացնել ծրագիրը: Մոտ ապագայում՝ 1-2 տարվա ընթացքում հստակ բյուջե կունենանք եւ ծրագրերը կիրականացվեն ավելի հստակեցված ու պայմանավորված ժամկետներում: Ամեն դեպքում ուրախ ենք համագործակցության համար»,- հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Լեհաստանի փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին:
Կապանի քաղաքապետարանում այդպես էլ հստակ ծրագիր չքննարկվեց: Քաղաքապետ Արտուր Աթայանը նշեց, որ նախընտրում է նախատեսվող ծրագիրը քննարկել, եթե Լեհաստանում հաստատված լինեն ծրագրերը: «Դեռեւս անցած տարի դեսպանատան առաջարկով ծրագիր էինք ներկայացրել, որով նախատեսվում էր Կապանի թիվ 1 մանկապարտեզը ջեռուցել եւ նորոգել սանհանգույցները: Բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել էին, բայց այդպես էլ ծրագիրը չիրականացավ: Ես ճիշտ չեմ գտնում նորից նստել նույնը քննարկել եւ մարդկանց հուսախաբ անել: Ի վերջո, նախորդ անգամ մանկապարտեզի անձնակազմը հույսեր էր կապում տվյալ ծրագրի հետ: Եթե համոզված լինենք, որ ծրագիրն անպայման կիրականացվի, ապա մենք կպլանավորենք ու կքննարկենք հետագա անելիքները»,- նշեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը:
Վերջում փոխդեսպանը լրագրողներին ներկայացրեց Հայաստանից ստացած իր տպավորությունները. «Արդեն 5 տարի աշխատում եմ Հայաստանում: Վերջին 13-14 տարիների ընթացքում դեռ այսքան երկար ժամանակ ոչ մի երկրում չէի մնացել: Հարմարվել եմ, շատ է դուր գալիս ձեր երկիրը: Բայց արդեն հաստատվել է, որ պետք է հեռանամ Հայաստանից: Մեր աշխատանքն այսպիսին է, երկար ժամանակ մի երկրում չենք մնում: Շատ դժվար կլինի հեռանալը: Հատկապես մտահոգվում եմ երեխաներիս համար՝ ինչպես կհարմարվեն այդ մտքին: Հայաստան ժամանելիս մեծ երեխաս 6 ամսական էր, իսկ այստեղ գտնվելու ժամանակ եւս մի զավակ ունեցա: Նրանք թեեւ խոսում են լեհերեն եւ ռուսերեն, բայց հայերեն հասկանում են եւ շատ են հարմարվել, ամռանը Լեհաստան գնալիս մտածում էին, թե գնում են հանգստանալու եւ տատիկ-պապիկին տեսակցության: Նրանք այստեղ են մեծացել ու շատ դժվար կլինի հեռանալը: Բայց ամեն դեպքում կմեկնենք լավ տպավորություններով»: