Անցած 10 օրում «Առավոտում» մի քանի հրապարակում եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնատարի վիճակի մասին: Հ/կ-ները պնդում են, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող, տեղ-տեղ քայքայված թափոնատարից դուրս թափվող ջրերը խառնվում են հարակից ձորով հոսող առվին եւ թափոնատարի հարեւանությամբ գտնվող Շղարշիկ բանավանի ընդհանուր աղբյուրի ջրերին, ինչի արդյունքում արձանագրվում են թունավորումներ ե՛ւ մարդկանց, ե՛ւ կենդանիների շրջանում: Նախարարությունը պնդում է, որ թափոնատարը կայուն վիճակում է, արտահոսք չկա:
Վերջին՝ մարտի 29-ի «Հ/կ-ներն էլ նախարարությանը չեն հավատում» հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ «բնապահպանական պետական տեսչության պետ Ալեքսանդր Սահակյանը տվել է հանձնարարական Սյունիքի մարզային տեսչությանը՝ հասարակական կազմակերպությունների հետ տեղում ուսումնասիրել առկա վիճակը եւ զեկուցել»: